«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Նոր Նորքում անվտանգ և լուսավոր է դարձրել երկրորդ ստորգետնյա անցումը


«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Նոր Նորքում անվտանգ և լուսավոր է դարձրել երկրորդ ստորգետնյա անցումը
Հունիս 19 15:15 2017

 «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի հետ համագործակցությամբ անվտանգ և լուսավոր է դարձրել այդ վարչական շրջանում գտնվող երկրորդ ստորգետնյա անցումը։ Ընկերության «Անվտանգ և լուսավոր Երևան» նախագծի շրջանակում Բադալ Մուրադյան փողոցի՝ Նոր Նորքի 5-րդ և 6-րդ զանգվածները միացնող ստորգետնյա անցումում տեղադրվել են լուսավորման սարքեր, որոնք միանում են այն ժամանակ, երբ դրանց մոտով մարդ է անցնում։ Բացի այդ, լուսավորման սարքերում ներկառուցված են տեսախցիկներ, որոնք է՛լ ավելի ապահով են դարձնում գետնանցումը թե՛ ցերեկը, թե՛ հատկապես գիշերը։
Այդ սարքերը և տեսախցիկները 2016 թվականի մայիսից գործում են նույն վարչական շրջանի՝ նաև Նոր Նորքի 3-րդ և 4-րդ զանգվածները միացնող երկու գետնանցումներում։ Այն ժամանակ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն հայտարարել էր, որ շարունակելու է նախագիծը՝ նոր լուսավորվելիք ստորգետնյա անցումների ընտրությանը մասնակից դարձնելով երևանցիներին։

Այդ նպատակով www.kaspersky.am կայքում անցկացված քվեարկությամբ մայրաքաղաքի բնակիչներն ըստ լուսանկարների կարող էին իրենք ընտրել այն գետնանցումը, որն անհրաժեշտ է լուսավորել և անվտանգ դարձնել առաջին հերթին։ Եվ հատկանշական է, որ մեկ տարվա քվեարկության ընթացքում ավելի ակտիվ են գտնվել Նոր Նորք վարչական շրջանի բնակիչները։
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանն ուրախ է վարչական շրջանի բնակիչների քաղաքացիական ակտիվության համար. «Նրանք հավատացին «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության նախաձեռնությանը, և այսօր մենք ևս մեկ անվտանգ և լուսավոր գետնանցում ունենք մեր վարչական շրջանի տարածքում»։
Արմեն Ուլիխանյանը կոչ է անում մյուս վարչական շրջանների ղեկավարներին և գործարարներին, որ նրանք ևս շահագրգռություն ցուցաբերեն ստորգետնյա անցումներն անվտանգ դարձնելու և լուսավորելու հարցում։ «Գործարարների համար շահեկան է ինքնին բանուկ անցուդարձ ունեցող գետնանցումներում իրենց ընկերությունների նշանով լուսավորման սարքերի տեղադրումը, այդպիսով նաև հավելյալ ճանաչելիության և բարի համբավի ձեռքբերումը։ Իսկ վարչական շրջանները, դրանց տեղադրման թույլտվություն տալով, կունենան լրացուցիչ միջոցներ ներգրավելու հնարավորություն, և այդ միջոցները կարող են ծախսել իրենց տարածքում բարեկարգման, վերանորոգման և այլ աշխատանքներ իրականացնելու համար»,- նշում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը։
Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը ևս գոհ է «Անվտանգ և լուսավոր Երևան» նախագծի առաջընթացից։ «Այս նախագիծը վիրտուալ աշխարհում անվտանգություն ապահովող «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի մի մասն է, որը կոչված է իրական կյանքում մարդկանց անվտանգության ապահովմանը։ Ընկերությունը մեծ ցանկությամբ և նվիրվածությամբ է իրականացնում նախագիծը, սակայն, ցավով պետք է նշեմ, որ Գայի պողոտայի՝ Նոր Նորքի 3-րդ և 4-րդ զանգվածները միացնող ստորգետնյա անցումների լուսավորման սարքերը քանիցս բարբարոսաբար կոտրվել են։ Նման անվայել արարք գործող անձանց հորդորում եմ գիտակցել, որ այդ սարքերի անխափան աշխատանքն ապահովում է նաև իրենց հարազատների, ընկերների և հյուրերի անվտանգությունը»,- շեշտում է Արմեն Կարապետյանը։
Արմեն Ուլիխանյանը և Արմեն Կարապետյանը հուսով են, որ Երևանի վարչական շրջանները և գործարարները համատեղ ձեռնամուխ կլինեն մայրաքաղաքի այլ ստորգետնյա անցումներն անվտանգ և լուսավոր դարձնելու սոցիալական կարևոր առաքելության իրագործմանը, և անխտիր բոլոր բնակիչներն ու հյուրերը խնամքով կվերաբերվեն գետնացումներում տեղադրված լուսավորման սարքերին։