ԱՄՆ-ում գործող Artn հայկական հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Ռոբերտ Օղլախչյանի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)


ԱՄՆ-ում գործող Artn հայկական հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Ռոբերտ Օղլախչյանի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)
Հունիս 19 21:31 2017

«Կյանքը մեկ օրում» նախագծի հյուրն է ԱՄՆ-ում գործող ARTN հայկական հեռուստաընկերության հիմնադիր-սեփականատեր Ռոբերտ Օղլախչյանը, ով ծնունդով Գյումրիից է և արդեն 22 տարի բնակվում է ԱՄՆ-ում: Պարոն Օղլախչյանի հետ զրուցել ենք ԱՄՆ-ում ծավալած գործունեության, դրա ընթացքում ունեցած դժվարությունների և գրանցած հաջողությունների մասին:

-Պրն. ՕղլաԽչյա՛ն, ե՞րբ եք տեղափոխվել ԱՄՆ, ի՞նչ գործունեություն եք ծավալել սկզբում՝ այստեղ կա՞ր որևէ աշխատանք, որով պիտի զբաղվեիք, թե՞ ամեն ինչ սկսել եք զրոյից:

-Արդեն 22 տարի է, ինչ տեղափոխվել եմ ԱՄՆ: Չի կարելի ասել, թե ամեն ինչ զրոյից եմ սկսել՝ չնայած համարյա զրոյից էր: Երբ եկանք ԱՄՆ,  եղբայրս` Ֆրունզիկը շուրջ 20 տարի է այստեղ էր և արդեն ուներ հայկական ամսագիր՝ «Աշխարհի շուրջ», ինչպես նաև ռուսական ОРТ հեռուստատեսության ներկայացուցիչն էր, ցուցադրում էր «Время» ինֆորմացիոն ծրագիրը: Այնպես որ հիմքեր կային, բայց ես ընդանրապես կապ չունեի հեռուստատեսության հետ, ուղղակի առիթը ստեղծվեց և ես հետագայում դարձա «Աշխարհի շուրջ» ամսագրի գլխավոր խմբագիր և15 տարի անընդմեջ լույս տեսավ այդ ամսագրի 180 համար: 90-ական թթ. Հայաստանում նույնիսկ չկար պարբերաբար լույս տեսնող ամսագիր, այդ պատճառով «Աշխարհի շուրջ» ամսագիրն ուղարկում էինք Հայաստան և այստեղ` ԱՄՆ-ում այն ևս վաճառվում էր մեծ շուքով: 

Ռոբերտ Օղլախչյանը եղբոր ՝ Ֆռունզիկ Օղլախչայնի հետ 

-Տեղյակ եմ, որ Հայաստանում եղել եք նաև պատգամավոր, ի՞նչ գործունեություն եք ծավալել այդ ընթացքում:

-Հայաստանում եղել եմ որպես քաղաքային խորհրի պատգամավոր, շրջանային խորհրդի պատգամավոր, բայց այդպես էլ չհաջողվեց դառնալ ո՛չ Գերագույն Սովետի, ո՛չ էլ ԱԺ-ի պատգամավոր, որովհետև չէի ընդունում ՀՀՇ-ի գործունեությունը, իսկ եթե իրենց հետ չէիր, ապա թշնամին էիր, դրա համար ո՛չ 1991թ. ԳԽ ժամանակ, ո՛չ էլ 1995թ. ԱԺ-ի ժամանակ չդարձա պատգամավոր: Երկու դեպքում էլ ընտրվել եմ, բայց չեն հաստատել, երկու դեպքում էլ ՀՀՇ-ն չի հաստատել՝ ընդհուպ մինչև բողոքարկումներս հասել է ԿԸՀ, նույնիսկ հարցը չեն էլ քննարկել և դրա մեղավորները այսօր ողջ ու առողջ ապրում են, խաղում են ընդդիմություն՝ հանձինս Լևոն Տեր-Պետրոսյանի, Անդրանիկ Քոչարյանի, խոսում են չգիտեմ ինչերի մասին, բայց անձամբ իրենք ամեն ինչով այն ժամանակ խանգարում էին, որ նորմալ ուժերը զարգանային և այսօրվա ամեն ինչը այն օրերի հետևանքն և շարունակությունն է:

Եթե մարդը ՀՀՇ-ական չէր, ուրեմն իրավունք չուներ ազգի մասին մտածելու, պետք է լիներ իրենց կամակատարը: Հենց ամբողջը դրանում էր կայանում, որ ես չկարողացա այնտեղ ապրել, որովհետև զգացի, որ նույնիսկ վտանգ է սպառնում իմ ընտանիքին, քանի որ ես ՀՀՇ-ից չէի և ուզում էի զբաղվել քաղաքականությամբ, այսինքն ոչ թե զբաղվել քաղաքականությամբ, այլ իմ հայրենի քաղաքի՝ Գյումրիի վերակառուցմամբ:

Պատահական չէ, որ ընդամենը շարքային դոցենտ դասախոսին տասնյակ հազարներով ձայն էր տալիս այն ժամանակ ժողովուրդը, իսկ ՀՀՇ-ի ներկայացուցիչները չէին կարողանում ձայն հավաքել, բայց միևնույն է, չէին հաստատում, մինչև որ ՀՀՇ-ական չլինեիր և այդ էր պատճառը, որ հիասթափվեցի:

Մինչև ԱՄՆ մշտական տեղափոխվելը, 12 անգամ ընտանիքով զբոսաշրջիկ եմ եղել այստեղ: 1987-1995թթ. ամեն տարի ես գալիս էի ԱՄՆ շրջագայության և երբ իմ ամերիկահայ ընկերները ասում էին՝ արի Ամերիկա, ասում էի՝ ինչ երկիր է, որ գամ, ես իմ հայրենիքը, հայրենի քաղաքը ոնց թողնեմ գամ: Պատկերացրեք՝ մի մարդ, ով վերապրել է երկրաշարժ և դրանից հետո՝ մինչև 1995 թ. սև ու մութ տարիներին ապրել Գյումրիում, մարդ ով եղել է գործկոմի նախագահի առաջին տեղակալ, գործկոմի նախագահի պաշտոնակատար մոսկովյան շրջանում, մարդ ով եղել է դոցենտ, դասավանդել է Ճարտարագիտական համալսարանում, գիտական մեծ հոդվածներ ունեցել, եղել առաջին կոպերատիվ շարժման հիմնադիրը՝ 1985 թ. «Անուշ» կոպերատիվը Գյումրիում ես եմ բացել, այդ մարդուն չթողեցին շարունակել աշխատել և վերականգնել իր քաղաքը: Եթե այդ սև ու մութ տարիներին ունեինք որոշակի հավատ, կոտրեցին այդ հավատը, ցավոք սրտի, մինչև այսօր այդ հավատը չի վերականգվել և չեմ կարողանում հավատ ունենալ: Շատ եմ սիրում հայրենիքս, քաղաքս, մարդկանց, բոլորին, բայց լավատես լինելով ՝ լավ բան չեն տեսնում:


2010թ. ճանաչվել ենք Սփյուռքի լավագույն հեռուստաընկերություն, մրցանակը հանձնել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

-Իսկ ո՞րն է եղել առաջին դժվարությունը, որին ԱՄՆ-ում բախվել եք:

-Ինձ համար կյանքում ոչ մի դժվարություն չի եղել՝ ծնվածս օրվանից: Դժվարություն բառը ես չեմ ընդունում, որովհետև սա կյանք է, չի կարելի ասել՝ սա դժվար է, սա հեշտ է, միշտ պետք է պայքարել, մինչև այսօր էլ պայքարում ենք, կյանքը պայքար է, ի՞նչ է նշանակում դժվար է, հեշտ է: Չկա այդպիսի բան, ինձ համար դժվար բան չկա: Ծրագիր է դրվում, որին պետք է հասնել: Բնական է, ամեն օր էլ կա որոշակի դժվարություն, բայց միշտ պետք է դա հաղթահարել, եթե մտածես դժվարության մասին, կընկնես դեպրեսիայի մեջ:

-Իսկ ո՞ր հաջողությունը կառանձնացնեք: Տեղյակ եմ, որ բացի հեռուստատեսության գործունեությունից, նաև բազմաթիվ համերգներ, միջոցառումներ եք մշտապես կազմակերպում ԱՄՆ-ում:

-Շատ-շատ են եղել, լինելով ԱՄՆ սովորական քաղաքացի՝ արժամացել եմ և՛ հայկական, և՛ ամերիկյան բոլոր կազմակերպությունների ամենաբարձր պարգևներին, ինչպես նաև կոնգրեսմենների, սենատորների, ունեմ նաև նախագահի կողմից շնորհակալագրել, ամեն ինչին հասել եմ աշխատանքի և աշխատասիրության շնորհիվ: Հաջողությունները այնքան շատ են: Այս ամենին գումարած առաջին հայկական թատրոնը բացեցինք ԱՄՆ-ում: Արցախի նախագահ՝ Բակո Սահակյանը և Պարգև Սրբազանը ներկա էին, բացումը իրենք կատարեցին: Դա 300 տեղանոց առաջին հայկական թատրոնն է, որտեղ տեղի է ունենում հայկական ներկայացումներ, համերգային միջոցառումներ: Վերջին 22 տարվա ընթացքում համաշխարհային ամենահզոր դահլիճներում, որոնց թվում են «Կոդակը», «Նոկիան», Gipson «Ալեքսը», կազմակերպվել է մոտ 145 համերգ: Այդ համերգներում եղել են և՛ հայկական, և՛ ռուսական, և՛ եվրոպական, և՛ համաշխարհային մշակույթի ներկայացուցիչներ, կազմակերպել ենք Շառլ Ազնավուրի, Պատրիսիա Կաասի, Տոտո Կուտունիոյի, Սան Ռեմոյի, Ալբանոյի համերգները , դրանք շատ են, բոլորը թվարկել չեմ կարող:

1996թ. եղբորս ` Ֆրունզիկ Օղլախչյանի հետ Shrine Auditorium-ում կազմակերպած «Ռուսական երգ 96» համերգին ներկա էին ռուսական շոու-բիզնեսի բոլոր ասղտերը՝ Իգոր Կրուտոյը, Ալլա Պուգաչովան, Իրինա Ալեգրովան, Վալերի Լեոնտևը, Լև Լեշենկոն և այլ հայտնի երգիչներ: Այդ համերգը ժողովուրդը մինչև հիմա հիշում է: Կազմակերպվել են նաև մեր մեծերի՝ Ֆրունզիկ Մկրտչյանի, Ֆրունզե Դովլաթյանի, Խորեն Աբրահամյանի, Սոս Սարգսյանի, Կարեն Ջանիբեկյանի, Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի, Պարույր Սևակի ծննդյան օրերին նվիրված միջոցառումներ: Բայց ամենակարևոր հանգամանքը, որը կուզեմ ընդգծել այն է, որ երբևիցե չենք անդրադարձել ռաբիս երաժշտությանը, բոլոր համերգներին հնչել է ժողովրդական երգ-երաժշտություն:

-Հետաքրքիր է, ի՞նչն եք ամենից շատ կարոտում Ձեր հայրենի Գյումրիից:

-Ճիշտն ասած, այսօր արդեն համարյա կարոտելու բան չի մնացել: Այնցյալ տարի եղա Գյումրիում: Քաղաքի համար մենք մեծ գործեր ենք անում: Հայկական հիմնադրամի հետ արդեն 2 տարի է, իմ նախաձեռնությամբ մարաթոն է կազմակերպվում և 28 հատ բնակարան ենք հանձնել Գյումրիում տնակների մեջ բնակվող մարդկանց: Անցյալ տարի՝ բնակարանների հանձնման ժամանակ, համարյա ծանոթ մարդ չտեսա Գյումրիում: Ինձ համար այդ Գյումրին ուրիշ Գյումրի էր, և քաղաքն էլ նույնիսկ երկրաշարժից հետո ավելի լավ տեսք ուներ ինձ համար, քան այսօրվա այդ թշվառ տեսքը: Այն ժամանակ գոնե փլատակները վերացել էին, հին Գյումրին համարյա պահպանված էր, իսկ հիմա հին Գյումրու մեջ մխրճված այնպիսի շինություններ տեսա, որ ինձ համար անհասկանալի էր, նույնը Երևանում է տեղի ունենում:

Այս տարի ևս հունիսի 25-ին ԱՄՆ-ում տեղի է ունենալու ARTN-ի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ հեռուստամարաթոնը, որի ընթացքում հավաքված ամբողջ գումարը տրամադրվելու է Գյումրիում և արդեն ուրախությամբ նշեմ նաև Վանաձորում տնակների մեջ բնակվող մարդկանց բնակարաններով ապահովելու գործին: Կատարած բարեգործությունների համար արժանացել եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Ազգի նվիրյալ» մեդալին:

Գյումրիում հրապարակում առաջ կանգնում էիր, հիանում էիր, նույնը Երևանում, բայց հիմա Երևանի հրապարակում կանգնում էի, տեսնում էի այդ բարձրահարկ շենքերի հետևում այդ ամենը, դա խայտառակություն էր: Ես չգիտեմ, դա ում նախաձեռնությունն է, բայց դա վատ գաղափար է: Ընդհանրապես քաղաքը կարոտում ես, երբ մանկական հիշողություններ ես ունենում, առանց այդ էլ երկրաշարժից հետո վերացել էին մանկական շատ հիշողություներ՝ իմ դպրոցը չկա, այն ինստիտուտը, որտեղ ես աշխատել եմ 19 տարի չկա, տունը, որ գետնին էր հավասարված, երկրաշարժից հետո նորոգել եմ, վաճառել և եկել ԱՄՆ:

Իմ մարդիկ չկան, բոլորը դրսում են, այստեղ ավելի շատ մանկության և պատանեկության ընկերներ կան, քան Հայաստանում: Ամեն դեպքում, չգիտես ինչին կարոտես՝ քարին, փայտին դժվար մարդ կարոտի: Կարոտում են ընդհանրապես հիշողությունները, մարդկանց: Պատկերացրեք, գնացել եկել եմ ու հիմա շատ չի էլ ձգում, որ նորից գնամ: Մի օր չկարողացա մնալ, երեկոյան՝ բնակարանները հանձնելուց հետո, միանգամից հետ եմ վերադարձել, որովհետև կարող է դեպրեսիայի մեջ ընկնեի, մի բան ինձ հետ կատարվեր, երբ տեսա, թե ինչ է կատարվում այն քաղաքում, որը դեմքն էր արվեստի և ամեն ինչի: Ես լավատես եմ, ամեն դեպքում Աստված տա, որ Գյումրիին ուշադրություն դարձնեն, տեսնենք....

Ռոբերտ Օղլախչյանը կնոջ ՝ Սեդա Օղլախչյանի հետ

Մտքերը շարունակելով...

-Իմ կյանքը… պայքար է:

-Մի օր ես… կհաղթեմ:

-Կյանքը մեկ օրում… հրաշք է:

-Տարիների ընթացքում… ավելի շատ բան ես սովորում, ավելի շատ փորձառություն ես ձեռք բերում՝ չնայած միշտ էլ սովորելու բան կա՝ մինչև մահ-գերեզման:

-Իմ օրերի մեջ… ամեն ինչ նորմալ է:

Տաթև Այվազյան/ ԱՄՆ

Լուսանկարները՝ Ռոբերտ Օղլախչյանի անձնական արխիվից

 

 



loading...