Տուլայում վթարված հայկական միկրոավտոբուսի ուղեւորներից 6-ի վիճակը միջին ծանրության է. ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն


Տուլայում վթարված հայկական միկրոավտոբուսի ուղեւորներից 6-ի վիճակը միջին ծանրության է. ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն
Հունիս 18 21:23 2017

Ռուսաստանի Տուլայի շրջանում այսօր` հունիսի 18-ին, հայկական ավտոբուսի վթարից տուժած անձանցից երեքը ստացել են բուժօգնություն եւ դուրս գրվել:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից հայտնեցին, որ նրանք օգնություն են ստացել Ստուպինոյի հիվանդանոցում: Այնտեղ այս պահին մարմնական վնասվածքներով երեք հիվանդ է գտնվում, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուլայի հիվանդանոցում գտնվող երեք հիվանդների վիճակը նույնպես գնահատվում է միջին ծանրության: Միկրոավտոբուսի մնացած ուղեւորները կամ գտնվում են իրենց հարազատների տանը, կամ անձամբ են շարունակել ճանապարհը:

Նշենք, որ տուժածները հայեր են: Հիշեցնենք, որ վթարի հետեւանքով կա զոհ, նա ՌԴ քաղաքացի է, ազգությամբ վրացի:

ՀՀ ԱԻՆ փոխանցմամբ էլ, պարզվել է, որ միկրոավտոբուսը ուղևորվում էր Երևանից Նիժնիյ Նովգորոդ:

Ժամը 20:50-ին ստացված տեղեկատվության համաձայն Հրայր Գյուրջյանը, Սվետլանա Կալդարյանը, Թինա Մուսոյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Վալերիա Ստեփանյանի (1988 թ.), Նորայր Գալստյանի (1979 թ.), Ռոմիկ Նիկողոսյանի (1958 թ.) առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: