Բանտարկյալների ինքնավնասման լուրից հետո, նախարարի հանձնարարականով՝ այց է կատարվել «Նուբարաշեն» ՔԿՀ


Բանտարկյալների ինքնավնասման լուրից հետո, նախարարի հանձնարարականով՝ այց է կատարվել «Նուբարաշեն» ՔԿՀ
Հունվար 23 10:48 2017

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության ներկայացուցիչներն այսօր այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ մամուլում նախօրեին տարածված տեղեկությունը տեղում ստուգելու եւ իրավիճակին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար:

Նշենք, որ A1plus.am-ի փոխանցմամբ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մի քանի դատապարտյալներ ինքնավնասում են արել, քանի որ չեն ցանկացել փոխել իրենց խցերը:

Նրանց հարազատնելը հայտնել են, որ ամեն ինչ սկսվել է Մարդու իրավունքների պաշտպանի «2015 թ. ընթացքում ՀՀ ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումից կամ ավելի շուտ, երբ նույն գրասենյակի աշխատակիցները մոնիտորինգ են իրականացրել ՔԿՀ-ներում: Դիտարկումները ցույց են տվել` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում որոշ խցեր խոնավ են եւ առաջարկվել է դատապարտյալներին տեղափոխել այլ խցեր:

Առաջին հարկի խցերից մեկի հինգ դատապարտյալներին տեղեկացրել են, որ նրանց խուց է հատկացվում հինգերոդ հարկում; Ըստ հարազատների` ասել են` նորմալ խուց է, նորոգված: Դատապարտյալները նույնիսկ իրերի մի մասն են վերեւ բարձրացրել ու… փախել:

«Սարսափելի վիճակ էր, ուղղակի նկարագրել չեմ կարող: Պատուհանը` պուճուր, պատերը` քանդած, լվացարանը` ժանգոտած, բացում ես ծորակը` ժանգաջուր է գալիս»,- ամուսնու խոսքերն է փոխանցել դատապարտյալներից մեկի կինը:

Դատապարտյալներն խնդրել են բանտի ղեկավարությանը` եթե պետական միջոցներով հնարավոր չէ նորոգել, ապա գոնե առավելագույնը մինչեւ փետրվարի 5-ը ժամանակ տան իրենց, որպեսզի ընտանիքների տրամադրած գումարով նորոգեն խուցը: Առաջարկը չի ընդունվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարության կողմից, եւ խուցը լքել չցանկացողների նկատմամբ գործի են դրվել մահակները, եւ դատապարտյալները դիմել են ինքնավնասման:

«Նուբարաշեն» ՔԿՀ–ում ինքնավնասված երեք դատապարտյալներին այսօր՝ հունվարի 23-ին տարել են «Էրեբունի» հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու։



loading...