Կուբան արձագանքել է Թրամփի նոր որոշմանը


Կուբան արձագանքել է Թրամփի նոր որոշմանը
Հունիս 17 07:34 2017

Կուբայի իշխանություններն ուրբաթ երեկոյան հայտարարել են, որ Վաշինգտոնի նոր քաղաքականությունն Ազատության կղզու հանդեպ արդյունքի չի հասնի, գրում է RIA Novosti-ն։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր նախորդի՝ Բարաք Օբամայի քաղաքականությունը Կուբայի հանդեպ չեղարկելու մասին։ Բարաք Օբաման հանդես էր եկել Կուբայի հետ հարաբերությունները կարգավորելու առաջարկով, որը, սակայն, Թրամփը «սխալ քաղաքականություն» է անվանել ու չեղարկել։

Սպիտակ տանն ընդգծել են, որ ԱՄՆ-ն պահպանում է Կուբայի նկատմամբ սահմանված էմբարգոն և դեմ է հանդես գալիս ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների՝ այն չեղարկելու կոչերին։

«Շրջափակման ուժեղացմանն ուղղված նոր միջոցառումները, որոնք դատապարտված են անհաջողության, չեն հասնի իրենց նպատակին և չեն կոտրի կուբացի ժողովրդին»,- ասված է Կուբայի կառավարության կոմյունիկեում։

Պաշտոնական Հավանան Թրամփի հայտարարությունը «քայլ հետ» է անվանել հարաբերությունների զարգացման գործում։

Հիշեցնենք, որ Մեքսիկայի, Վենեսուելայի արտգործնախարարներն ու Բոլիվիայի նախագահը խստորեն քննադատել են նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման մասին Օբամայի վարչակազմի որոշման չեղարկումը:

«Ես ամբողջովին չեղարկում եմ միակողմանի գործարքը Կուբայի հետ, որը կնքվել է նախորդ վարչակազմի կողմից», – հայտարարել էր Թրամփը Մայամիում ելույթ ունենալիս` ընդգծելով, որ այս որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես: