Միայն համատեղ ջանքերի միջոցով կարելի է առկա մարտահրավերները վերածել նոր հնարավորությունների. Արա Բաբլոյան


Միայն համատեղ ջանքերի միջոցով կարելի է առկա մարտահրավերները վերածել նոր հնարավորությունների. Արա Բաբլոյան
Հունիս 16 20:05 2017

Հունիսի 16-ին Ստեփանակերտում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Հայկական քաղաքական կուսակցությունների ֆորումին: Արա Բաբլոյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Միջկուսակցական ֆորումի հարգելի մասնակիցներ,

հարգարժան գործընկերներ,

ողջունում եմ Հայկական քաղաքական կուսակցությունների ֆորումի մասնակիցներիդ: Այն կարևոր հարթակ է թե՛ միջկուսակցական և թե՛ միջպետական ու համազգային խնդիրներ քննարկելու համար:

Արցախի և Հայաստանի քաղաքական կուսակցությունները՝ որպես կազմակերպություններ, գտնվում են տարբեր քաղաքական և ընտրական տարածքներում, սակայն դրանք հայակենտրոն և հայանպաստ գործունեություն են ծավալում միևնույն` հայկական տարածքում:

Դրանք ունեն միմյանց շատ մոտ քաղաքական ծրագրեր, քաղաքական նպատակներ, որոնք բխում են երկու պետություն ունեցող մեկ ժողովրդի առաջնահերթություններից, մեր առջև ծառացած մարտահրավերներից: Մեր կուսակցություններն ունեն բավականին հարուստ քաղաքական կապիտալ, որը կարող են արդյունավետ օգտագործել այդ նպատակներին հասնելու համար:
Հարգելի բարեկամներ,

Արցախի հարցը՝ որպես Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը, իր ուրույն տեղն ունի Հայաստանում գործող քաղաքական ուժերի ծրագրերում: Համապետական բոլոր ընտրություններում իրենց նախընտրական ծրագրերում նրանք առանձին մաս են հատկացնում Արցախի հարցին, Արցախի Հանրապետության հետ հարաբերություններին, պատրաստ են նպաստել տնտեսական զարգացմանը, պաշտպանել նրա անվտանգությունը և ինքնորոշման իրավունքը:

Հայաստանյան քաղաքական ուժերն Արցախի կուսակցությունների հուսալի գործընկերներն են և պատրաստ են իրենց հնարավորություններն ի սպաս դնել նրանց քաղաքական փորձառությունն ավելացնելուն, տեղեկատվական բազան և միջազգային կապերն ընդլայնելուն: Տրամաբանական է, որ Արցախի քաղաքական կուսակցությունների քաղաքական ծրագրերում էլ կարևոր տեղ են զբաղեցնում Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև համահայկական դրույթները:

Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, իրենց ծրագրային որոշակի տարբերություններով հանդերձ, մեկ հարցի՝ Արցախի ճակատագրի շուրջ միասնական են, ինչպես մեր ժողովուրդը: Վստահ եմ, որ երկրի ճակատագրի հարցում նույնպիսի միասնականություն առկա է նաև Արցախի կուսակցական ներկապնակի պարագայում: Իսկ միջկուսակցական կառուցողական համագործակցությունն ավելի է մեծացնում այն ներուժը և հնարավորությունները, որ ունեն Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերն առանձին-առանձին:

Միայն համատեղ ջանքերի միջոցով կարելի է առկա մարտահրավերները վերածել նոր հնարավորությունների՝ անվտանգություն ու զարգացում ապահովելով Հայաստանի և Արցախի հանրապետությունների համար:

Հարգելի գործընկերներ,

վստահ եմ, որ այս հարթակն իր ներդրումը կունենա հայկական երկու պետությունների քաղաքական կուսակցությունների միջև փորձի և տեղեկատվության փոխանակման, երկխոսության և ընդհանրապես քաղաքական մշակույթի զարգացման գործում:
Մաղթում եմ արգասաբեր աշխատանք»: