Գողական, տվին, անցան իրանց. Երեւանի ավագանու նիստն ընթանում է վիճաբանությամբ


Գողական, տվին, անցան իրանց. Երեւանի ավագանու նիստն ընթանում է վիճաբանությամբ
Հունիս 16 16:43 2017

Երեւանի ավագանու արտահերթ նիստն այսօր  ընթացավ լարված մթնոլորտում՝ փոխադարձ վիրավորանքներով եւ քննադատություններով:

Ընդմիջումից հետո, երբ քննարկվում էր քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակը եւ աշխատավարձի չափը, «Երկիր Ծիրանի» խմբակցության քարտուղար Մարինա Խաչատրյանը վարման կարգ խնդրեց:

«Մեր խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ինձ լիազորել է, որ ես կարող եմ խմբակցության անունից հանդես գալ»,- հայտարարեց Մարինա Խաչատրյանը:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հակադարձեց՝ նման ընթացակարգ չկա. խմբակցության քարտուղարը ղեկավարի փոխարեն կարող է խոսել, եթե ղեկավարը նիստերի դահլիճում չէ: Մարինա Խաչատրյանը շարունակեց խոսել, Տարոն Մարգարյանն էլ փորձում էր նրան ընդհատել:

«Ձեր ձայնն իջեցրեք»,- Տարոն Մարգարյանին դիմեց Զարուհի Փոստանջյանը:

Տարոն Մարգարյանը շարունակեց նիստը՝ ամբիոնի մոտ հրավիրելով փոխքաղաքապետ Կամո Արեյանին՝ ելույթ ունենալու:

«Հակասահմանադրական քայլ եք դուք կատարում, գողական...»,- տեղից գոռաց Զարուհի Փոստանջյանը:

«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի խոսքերը վերջնականապես հունից հանեցին Հանրապետական խմբակցության կանանց, նրանք տեղից հորդորում էին Փոստանջյանին կոռեկտ արտահայտվել՝ նշելով, որ հայ կնոջը ոչ հարիր խոսելաձեւ է:

«Փողոցում չենք գտնվում, հարգեք ներկաներին, եթե ձեզ էլ չեք հարգում... այ քեզ բառապաշար»,- Փոստանջյանին դիմեց ՀՀԿ-ական Հասմիկ Սարգսյանը:

Կանանցից մեկն էլ տեղից նկատեց. «Տվին, անցան իրանց»:



loading...