Տպավորություն է, որ 14-րդ դարից եք գործուղվել քաղաքապետարան. Տարոն Մարգարյանը՝ «Երկիր Ծիրանի»-ի անդամին


Տպավորություն է, որ 14-րդ դարից եք գործուղվել քաղաքապետարան. Տարոն Մարգարյանը՝ «Երկիր Ծիրանի»-ի անդամին
Հունիս 16 18:07 2017

«Երկիր Ծիրանի» խմբակցությունն այսօր՝ հունիսի 16-ին, առաջին անգամ մասնակցել է Երևանի ավագանու արտահերթ նիստին: Նիստն ընթացել է լարված մթնոլորտում:

Ավագանու անդամները մեկը մյուսին պարբերաբար սաստել են՝ նկատողություններ արել:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նիստի ժամանակ երկու անգամ պահանջել է անջատել «Երկիր Ծիրանի»-ի ավագանիների բարձրախոսները:

 Արամ Սուքիասյանի՝ փոխքաղաքապետի պաշտոնում թեկնածության հարցի քննարկման ժամանակ, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն արձագանքել է, որ նախակրթական հաստատություններում ամեն ինչ հրաշալի է ներկայացվում, սակայն իրականությունն այլ է: Նշենք, որ այդ պաշտոնը պատասխանատվություն է կրում նախակրթական հաստատությունների վերաբերյալ հարցերում:

Սոնա Աղեկյանը մանկապարտեզներում տիրող իրավիճակը համեմատել է 14-րդ դարին հատուկ իրավիճակի հետ, ապա դիմելով Տարոն Մարգարյանին, ասել, որ լուրեր են պտտվում, թե մանկապարտեզ ընդունելու համար նա յուրաքանչյուր երեխայի համար 200 դոլար կաշառք է վերցնում: Նրա խոսքով՝ ներկայացվող ելույթներում ամեն ինչ լավ է հնչում, բայց իրականությունն այլ է. «խնդրում եմ իրականությանը մոտենալ»,- հավելել է Սոնա Աղեկյանը:

Ի պատասխան Տարոն Մարգարյանը հորդորել է ավագանու անդամին 14-րդ դարից վերադառնալ 21-րդ դար. «Տպավորություն է, որ 14-րդ դարից գործուղվել եք այստեղ: Եթե պատերի կուլիսներում լսում եք խոսակցություններ, դրանք ավագանու նիստեր մի բերեք»,- ասել է  Տարոն Մարգարյանը:

 Աղեկյանն իր հերթին ասել է. «Եթե իջնեք Ձեր աթոռից, Դուք այնտեղ կհայտնվեք»:

 



loading...