Տաջիկստանի նախագահն ականատես է եղել հայկական հեռախոսների ու պլանշետների արտադրության գործընթացին


Տաջիկստանի նախագահն ականատես է եղել հայկական հեռախոսների ու պլանշետների արտադրության գործընթացին
Հունիս 15 13:51 2017

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի գլխավորած պատվիրակությունը հունիսի 15-ին այցելեց Մերգելյանի անվան ինստիտուտի ազատ տնտեսական գոտում գործող «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊ ընկերության («Technology and Science Dynamics» (TSD) ընկերության արտադրամաս:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ Ռահմոնին ուղեկցել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, նախարարի տեղակալներ Արման Խաչատրյանն ու Բորիս Դեմիրխանյանը:

Էմոմալի Ռահմոնը շրջայց կատարեց ընկերության արտադրամասում, որի ընթացքում ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը ներկայացրեց ընկերության արտադրանքը և գործունեության շրջանակը: Նախագահն ականատես եղավ հայկական հեռախոսների ու պլանշետների արտադրության գործընթացին:

Հանդիպումն ուղղված էր համագործակցության հնարավոր եզրեր գտնելուն և Հայաստանի ու Տաջիկստանի միջև երկկողմանի հարաբերությունները նոր մակարդակի բերելուն։