«Առավոտ». Նա ո՞վ դառավ, որ մեզ բան ասի. հլը մի հատ թող էս երկիրը դզի, նոր խոսա


«Առավոտ». Նա ո՞վ դառավ, որ մեզ բան ասի. հլը մի հատ թող էս երկիրը դզի, նոր խոսա
Հունիս 15 09:43 2017

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երբ առողջապահության նախարարն ասում է՝ ծխելը վնաս է առողջությունը (կարծես, անվիճելի եւ վերին աստիճանի «ապաքաղաքական» պնդում է), միջին վիճակագրական հայաստանցին ասում է կամ գրում է Ֆեյսբուքում եւ կայքերում՝ «լավ եմ անում՝ ծխում եմ, ինադու ավելի շատ կծխեմ, ինձ նորմալ, բարեկեցիկ կյանք տվեք՝ չեմ ծխի, դարդից եմ ծխում»։

Երբ վարչապետն ասում է՝ պետք չէ փողոցներում ավտոմեքենաներից դուրս գցել ցելոֆանե տոպրակները, նույն մարդիկ ասում են՝ «Լավ եմ անում՝ շպրտում եմ, բա որ այսինչ օլիգարխը սաղ անտառը կտրել ա, իրա համար դղյակ սարքել»։
Փնթիությունն այդպիսով դառնում է քաղաքական բողոքն արտահայտելու ձեւ։ Վերջերս էլ վարչապետը խոսեց քստիկներով, անթրաշ եւ հաճախորդների ներկայությամբ ծխող վարորդների մասին, որոնք դիմավորում են Հայաստան վերադարձող մեր քաղաքացիներին եւ Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին։ (Դուք չե՞ք տեսել նման տաքսիստների)։ Բնականաբար, կայքերը գնացին վարորդների մոտ, եւ վերջիններս ասացին մոտավորապես հետեւյալը. «Նա ո՞վ դառավ, որ մեզ բան ասի։ Հեսա ավելի ճղած շորերով ու մայկեքով ենք կայնելու։ Հլը մի հատ թող էս երկիրը դզի, նոր խոսա»։ («Հայաստանի բնակչության մեծամասնությունը վստահ է, որ ինչ-որ մեկը պիտի գա եւ «երկիրը դզի»)։

Հիմա, որ Հանրապետության հրապարակից ամեն ժամ գեղեցիկ, կահավորված, մաքուր ավտոբուսներ են գնում «Զվարթնոց» օդանավակայան, պիտի ասեն՝ էս խեղճ մարդկանց հացից են զրկում։

Ես ամեն տարի կանոնավոր կերպով մուծում եմ իմ տան գույքահարկը։ Ինձ ասում են, որ ես հարիֆ եմ, որովհետեւ դա Հայաստանում ինչ-որ ձեւով հնարավոր է չանել. «Խի՞ պիտի մուծեմ։ Էն օրը Նիկոլն ասաց, որ այսինչը չի մուծում։ Թող նրանք մուծեն, հետո ես»։ Կամ՝ «Ինչու են «Սասնա Ծռերին» դատում։ Ի՞նչ օրենք, ի՞նչ դատարան։ Բա որ իշխանությունները «մարտի 1» սարքեցին, նրանց դատեցի՞ն»։ Քաղաքական գործիչները սիրում են կրկնել՝ «մեր ժողովուրդը կարոտ է արդարության» Փոքր-ինչ փոխելով այդ բանաձեւը՝ կարող եմ ասել՝ «մեր ժողովուրդը կարոտ է արդարացումների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...