Մարկ Գրիգորյանը նշանակվել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն


Մարկ Գրիգորյանը նշանակվել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն
Հունիս 12 17:46 2017

Այսօր՝ հունիսի 12-ին, Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը որոշում է կայացրել, որով Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը։

Մարկ Գրիգորյանը 1980 թվականին ավարտելով Երեւանի պետական համալսարանը՝ աշխատանքի է անցել Երեւանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտում (ԵրԱԿՀԳՀԻ)։

1989 թվականին ԽՍՀՄ ԳԱԱ (այժմ՝ ՌԳԱ) Վ․ Վինոգրադովի անվան ռուսաց լեզվի ինստիտուտում պաշտպանել է ատենախոսություն «Ռուսաց լեզու» մասնագիտությամբ։

Դասավանդել է Երեւանի Պուշկինի անվան դպրոցում եւ Երեւանի բուհերում (Երեւանի պետական համալսարան եւ «Անանիա Շիրակացի» համալսարան)։

Մասնագիտական լրագրությամբ զբաղվել է 1993 թվականից՝ որպես Երեւանում «Սվոբոդա» թերթի խմբագրի տեղակալ։ 1995-1996 թվականներին աշխատել է AIM (Armenian International Magazine) ամսագրում։

Համագործակցել է Հայաստանի եւ արտերկրի բազմաթիվ հրատարակությունների հետ։ Հեղինակ եւ խմբագիր է 16 գրքերի, բազմաթիվ գիտական եւ լրագրողական հոդվածների։ Երեւանում Կովկասի ինստիտուտի հիմնադիրներից մեկն է։

Աշխատել է Լոնդոնում, BBC-ի ռուսական ծառայության «Վաղ ժամ» ծրագրում։ Մինչ 2011 թվականի մարտի 11-ը Սեւա Նովգորոդցեւի հետ վարել է «Բիբիսեւա» ծրագիրը»:

2003 թվականին ստացել է Hellman/Hammett, լրագրողական ամենամյա մրցանակը, որը տրվում է ի նշան «խիզախության ճանաչման ընդդեմ քաղաքական հետապնդումների»։

Դասավանդում է նաեւ Երեւանի պետական համալսարանում։



loading...