Ապահովել սեզոնային մրգերի արտահանման պարզեցումը մաքսակետերում. Կարապետյանի հանձնարարականը


Ապահովել սեզոնային մրգերի արտահանման պարզեցումը մաքսակետերում. Կարապետյանի հանձնարարականը
Հունիս 8 12:01 2017

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց սեզոնային մրգերի արտահանման գործընթացի պարզեցման և կատարելագործման վերաբերյալ:

Ըստ վարչապետի` ներկայումս սեզոնային մրգերի արտահանման ամենալավ շրջանն է, սակայն ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նշված ապրանքատեսակների մաքսազերծման և բաց թողնման գործընթացը որոշ դեպքերում մնում է խնդրահարույթ, իսկ իրականացվող վարչարարությունը` ոչ արդյունավետ:

Կարապետյանը նշեց, որ մտահոգիչ է, որ շատ տնտեսվարողների նկատմամբ չի կիրառվում մեկ պատուհանի սկզբունքը: Այս ամենը հաշվի առնելով` Կարապետյանը հանձնարարեց գյուղնախարարին և ՊԵԿ նախագահին` մեկշաբաթյա ժամկետում մաքսակետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով ապահովել սեզոնային մրգերի արտահանման պարզեցումը և արտահանման գործընթացը կազմակերպել հնարավորինս արագ ու արդյունավետ: