«168 ժամ». Սերժ Սարգսյանը վերջակետ դրեց. մրցակցություն ու թամաշա


«168 ժամ». Սերժ Սարգսյանը վերջակետ դրեց. մրցակցություն ու թամաշա
Հունիս 8 08:45 2017

«168 ժամ» թերթը գրում է. «Վարչապետը հրաժարական տալու որեւէ պատճառ չունի, իսկ պարբերաբար հրապարակ նետվող լուրերը, իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին՝ մտացածին են, եւ իշխանության ու կուսակցության մակարդակում մենք շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմադրության հեղինակները, ինչպիսին է նրանց ցանկությունը, բայց կարծում եմ, որ իրավիճակի վրա դա որեւէ ազդեցություն ունենալ չի կարող: Մեր երկրում եւ մասնավորապես՝ մեր կուսակցությունում, առողջ աշխատանքային մթնոլորտ է»,- Տավուշ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Առհասարակ, Սերժ Սարգսյանը լրագրողների հետ քիչ է շփվում: Համենայնդեպս՝ նախագահի պաշտոնում, եւ հատկապես՝ հայ լրագրողների հետ: Բայց Տավուշում նա անհրաժեշտ համարեց պատասխանել ընդամենը մեկ հարցի, իսկ այդ մեկ հարցը վերաբերում էր Կարեն Կարապետյանի հանդեպ վերաբերմունքին:

Բնականաբար, ոչ հարցը, ոչ էլ պատասխանը պատահականության արդյունք չէին:

Ըստ էության, Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ վերջակետ դրեց իր եւ վարչապետի հակասությունների մասին շահարկումներին:

Բանն այն է, որ մամուլի առանձին միջոցներ սկսել են հետեւողականորեն թմբկահարել Սարգսյան-Կարապետյան թեժ մրցակցության, հակամարտության մասին: Ավելին՝ այդ հակամարտության գոյության փաստն էլ հիմնավորում են «իշխանության մեդիա-ռեսուրսների» վարքով, որոնք իբրեւ թե վարչապետին «պերսոնա նոն-գրատա» են հայտարարել:

Իրականությունն այնպիսին է, որ իշխանությունն ինքն էլ բազմազան է, եւ հաճախ ենք հանդիպել դեպքերի, երբ նույն կուսակցության որեւէ ներկայացուցիչ կամ թեւ տեղեկատվական արշավ է սկսում մեկ այլ կուսակցի դեմ: Բայց արդյոք սա ներկուսակցական կամ ներիշխանական ճեղքի վկայությո՞ւն է: Ամենեւին էլ ո՛չ: Սա ընդամենը շահերի իրացման գործընթաց է, որը նաեւ ապահովում է թամաշա: Նրանց համար, ովքեր անելիք չունենալու կամ անելիքը չպատկերացնելու հետեւանքով՝ մութ սենյակներում կատու են փնտրում:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հարաբերություններին, ապա բոլոր նախադրյալները կան ենթադրելու, որ գործ ունենք ոչ թե հակամարտության կամ մրցակցության, այլ մի տանդեմի հետ, որի համագործակցությունը բավականին երկար է տեւելու ու կանխորոշելու է երկրի քաղաքական դասավորությունը: Տավուշի իր հայտարարությամբ Սերժ Սարգսյանը հենց այս ուղերձն է հղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում