Ֆիրդուսի փողոցի առևտրականները կտեղափոխվեն գործող այլ շուկաներ


Ֆիրդուսի փողոցի առևտրականները կտեղափոխվեն գործող այլ շուկաներ
Հունիս 5 16:30 2017

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել մայրաքաղաքի Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի առևտրականների հետագա գործնեությանը: Հաշվի առնելով, որ առաջիկայում տվյալ տարածքում մեկնարկելու են շինարակական աշխատանքներ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչությանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է բանակցել մայրաքաղաքում գործող տոնավաճառների և շուկաների սեփականատերերի հետ՝ վերոնշյալ առևտրականների գործունեությունն առևտրային այլ տարածքներ տեղափոխելու համար:

«Ներդրողի կողմից տվյալ տարածքում արդեն իսկ մեկնարկում են շինարարական աշխատանքները, և պետք է քայլեր ձեռնարկենք, որ տարածքում առևտրային գործունեություն իրականացնող մեր համաքաղաքացիներին տեղափոխենք համապատասխան այլ վայրեր, որ կարողանան շարունակել իրենց գործունեությունը: Արդեն այսօրվանից բանակցեք գործող շուկաների սեփականատերերի հետ, որպեսզի Ֆիրդուսի շուկայի առևտրականներին պատշաճ պայմաններ առաջարկվեն: Այս հարցում եղեք խիստ հետևողական, քանի որ որոշ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ տվյալ առևտրականներին հանում ենք այդ տարածքներից՝ փոխարենը չառաջարկելով գործունեությունը շարունակելու պայմաններ:

Բանակցությունների շրջանակում գործող շուկաների սեփականատերերի հետ նաև պայմանավորվածություն ձեռք բերեք, որ որոշակի ժամանակահատվածում տրամադրված տարածքների դիմաց տվյալ առևտրականներից գումար չգանձեն», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել մեկշաբաթյա ժամկետում հարցն ամբողջությամբ կարգավորել:



loading...