Արամ Սարգսյանը կառաջադրվի Սյունիքի մարզում


Արամ Սարգսյանը կառաջադրվի Սյունիքի մարզում
Հունվար 21 15:31 2017

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը մտադիր է «Ելք» դաշինքի տարածքային ցուցակով առաջադրվել Սյունիքի մարզում: Այս մասին այսօր դաշինքի համաժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Սարգսյանը:«Ես եմ վերագործարկել Ագարակի գործարանը, շատ լավ ճանաչում եմ Սյունիքի բնակչությանը, իմ եղբայրը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանն էլ է երկար ժամանակ այդ տարածքում ապրել և շատ լավ ծանոթ է այդ մարզին, այդ պատճառով էլ առաջադրվելու է այդ մարզում»,- ասաց նա:

Արամ Սարգսյանը նշեց, որ իր ծննդավայր Արարատի մարզում առաջադրվելու է «Հանրապետություն» կուսակցության մեկ այլ անդամ:

Սարգսյանի խոսքով՝ «Ելք» դաշինքը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձից հետո վերսկսել է ակտիվ քննարկումները «Ժառանգության» հետ։ Այս պատճառով «Ելք»-ի ցուցակը դեռ չի հրապարակվում, չի բացառվում, որ «Ժառանգությունը» միանա իրենց և դաշինքը այդ պարագայում կունենա 4 առաջնորդ։

Ի դեպ նշենք, որ դաշինքի համաժողովին ներկա էր «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: