Անցել է 139 տարի, սակայն հայկական շերեփը դեռ երկաթից չէ. Հայկ Կոնջորյան


Անցել է 139 տարի, սակայն հայկական շերեփը դեռ երկաթից չէ. Հայկ Կոնջորյան
Հունվար 21 13:34 2017

ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում շարունակվում է «Ելք» դաշինքի համաժողովը: Ելույթով հանդես եկավ դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Կոնջորյանը: Վերջինս ամբիոնին մոտեցավ երկաթե շերեփը ձեռքին:

Կոնջորյանը իր ելույթը սկսեց հեռավոր 1878 թվականից` մեջբերելով Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի խոսքերը, թե հայկական շերեփը թղթից էր, ինչի պատճառով հայկական պատվիրակությունը չկարողացավ իր բաժինը վերցնել Բեռլինում բոլոր հպատակ ազգերի համար բաժանվող հոգեճաշից։ «Անցել է 139 տարի, սակայն մեր շերեփը դեռ երկաթից չէ»,- հայտարարեց նա: Ներկաները ծափահարություններով ողջունեցին այս հատվածը:

Հայկ Կոնջորյանը բերեց այլ օրինակներ` ասելով, միայն հզոր բանակ ու թույլ տնտեսություն ու թույլ կառավարման համակարգ ունեցող երկիրը նման է հզոր մկաններով, սակայն թույլ` տկար մտքով, հսկայի, թույլ բանակով ու ուժեղ կառավարման համակարգով երկիրը` տկար հանճարի: «Հայրենիքն առանց ուժեղ պետության նման է թղթե շերեփի, ուրեմն երկաթե շերեփը ուժեղ պետությունն է, բայց պետությունը գործիք է»,- ասաց նա:

Այնուհետև նա դահլիճին հարցրեց , թե ինչ է անում մարդը, որի ատամը ցավում է, որի համակարգիչը փչանում է, որի կատուն հիվանդանում է ու պատասխանեց, որ կատվին չի տանում փականագործի մոտ, համակարգիչը` անասնաբոււյժի մոտ, քանի որ մարդու համար թանկ են իր, կատուն, համակարգիչն ու առողջությունը։

«Ինչու ենք մեր պետությունը վստահում այնպիսի մարդկանց, ովքեր պետական կառավարման հետ ունեն նույնքան առնչություն, որքան անասնաբուժը համակարգիչների հետ»,- հայտարարեց նա, ինչը դահլիճի կողմից էլ ավելի բուռն ծափահարությունների արժանացավ:

Հայկ Կոնջորյանը նկատեց, որ ԱԺ առաջիկա ընտրություններից է կախված լինելու, թե ում ենք վստահում մեր պետությունը: Ապա նա հարցադրում արեց, թե ներկաները պատրաստ են իրենց հետ անցնելու այդ դժվարին եւ պատասխանատու ճանապարհը: «Անկախ նրանի, թե դուք որտեղ եք ապրում, Երեւանում, Չարենցավանում, թե Վանաձորում, եկեք միասին կերտենք այն երկաթե շերեփը, որով աշխարհի վերցնելու ենք մեր բաժին հարիսան, վերցնելու ենք մեր բաժին ազատությունն ու երջանկությունը»,- եզրափակեց Հայկ Կոնջորյանը: