Դավիթ Յուրչենկոն մեկնաբանել է Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը


Դավիթ Յուրչենկոն մեկնաբանել է Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը
Մայիս 31 22:32 2017

Մախաչկալայի «Անժի»-ի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն մեկնաբանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը, ըստ որի և անձամբ ինքը, և ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը բազմիցս խոսել են Յուրչենկոյի հետ:

«Ընտանիքիս հետ գտնվում եմ Մոսկվայում, ոչ մեկի հետ Հայաստանի հավաքականի կողմից չեմ խոսել` ոչ մարզչի, ոչ էլ ֆեդերացիայի նախագահի հետ: Ոչնչի համաձայնություն դեռ չեմ տվել: Չեմ հասկանում մամուլում առկա հաղորդագրությունները: Բոլորը խոսում են, հարցնում, իսկ տեղեկություն չկա: Ոչ մի խոսակցություն չի եղել, միայն թղթեր են ուղարկել և վերջ: Գրում են, իսկ փաստացի ոչ մեկի հետ չեմ զրուցել»,- Յուրչենկոյի խոսքը մեջբերել է Championat.com-ը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանն այսօրվա ասուլիսում նշել էր, որ Յուրչենկոն հիմա չմիանա թիմին, այլևս չի հրավիրվի Հայաստանի ազգային հավաքական: «Ֆեդերացիայի նախագահի տեղակալ Աշոտ Մանուկյանն անձամբ է հանդիպել Դավիթ Յուրչենկոյի հետ։ Վերջին 10 օրվա ընթացքում անընդհատ ես եմ կապի մեջ եղել նրա հետ, բայց միևնույնն է՝ ասում է, որ ֆեդերացիան չի կապնվել։ Հիմա էլ եմ ասում և հրավիրում։ Եթե Յուրչենկոն ուզում է ազգային հավաքականում խաղալ, ուրեմն պետք է հիմա գա: Մենք մինչ նրա գալը՝ ուրիշ օրինակներ էլ ենք ունեցել՝ Բերեզովսկին, Սարկիսովը, Կորյանը, ովքեր չնայած Ռուսաստան լեգեոներ դառնալուն, միացել են հավաքականին։ Նրանք սրտով են հավաքականի հետ։ Յուրչենկոն պետք է հավաքականին հիմա, եթե չեկավ, ապա հավաքականի երեսն այլևս չի տեսնի։ Նա մեզ պետք է Չեռնոգորիայի, Դանիայի և Լեհաստանի հավաքականների հետ խաղերի համար»,- հայտարարել էր Հայրապետյանը։

Հայտնի է դարձել նաև, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Յուրչենկոյի փոխարեն հունիսի 4-ի և 10-ի խաղերին մասնակցելու նպատակով հավաքական է հրավիրել «Բանանց»-ի 31-ամյա դարպասապահ Արամ Հայրապետյանին: