Սպիտակ տան կայքում կհրապարակեն աշխատակիցների աշխատավարձերի մասին տվյալներ


Սպիտակ տան կայքում կհրապարակեն աշխատակիցների աշխատավարձերի մասին տվյալներ
Հունվար 21 11:44 2017

ԱՄՆ նախագահի նստավայրի՝ Սպիտակ տան կայքում բաժին է հայտնվել, որտեղ կհրապարակվեն աշխատակիցների աշխատավարձերի մասին տեղեկություններ։ Ինչպես հաղորդվում է՝ ներկայում էջը գտնվում է թարմացման փուլում։

«Այդ բաժնում կհրապարակվեն Սպիտակ տան աշխատակիցների աշխատավարձերի մասին տվյալներ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից տեղեկություն ստանալուն պես»,- նշվում է էջում։

Սպիտակ տան կայքը մի շարք փոփոխությունների է ենթարկվել Թրամփի՝ ԱՄՆ ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո։ Մասնավորապես՝ վերացել են ԼԳԲՏ համայնքի իրավունքներին, կլիմայի փոփոխություններին ու առողջապահությանը նվիրված էջերը։

Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի առաջ, հունվարի 20-ին կայացել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հանդիսավոր արարողությունը։ Նա իր ելույթի ժամանակ ասել է, որ իր առաջնահերթությունը լինելու է ԱՄՆ-ի բարօրությունը և խոստացել է ամերիկյան ժողովրդին վերադարձնել իշխանությունը։