Նորվեգացի ընտանիքը գմբեթանման տուն է կառուցել՝ պատված ջերմոցով (լուսանկարներ)


Նորվեգացի ընտանիքը գմբեթանման տուն է կառուցել՝ պատված ջերմոցով (լուսանկարներ)
Հունվար 21 11:36 2017

Բենջամին և Ինգրիդ Յարտեֆյոլգերներն իրականացրել են իրենց վաղեմի երազանքն ու բնակություն հաստատել մայրաքաղաք Օսլոյից 1.000 կմ հեռավորության վրա գտնվող Սանդհորնոյա կղզում: Նրանց ընտրությունը շատերի համար կարող է զարմանալի թվալ, քանի որ Նորվեգիայի հյուսիսն առանձնանում է շատ ցուրտ կլիմայով:

Սակայն կացարանի հանդեպ ինքնատիպ մոտեցման շնորհիվ, զույգը հարմարավետ ընտանեկան կյանքի համար ստեղծել է բոլոր անհրաժեշտ պայմանները:

Ինչպես նշում է AdMe.Ru-ն, Բենջամինը, Ինգրիդն ու նրանց 4 երեխաներն ապրում են հետաքրքիր տան մեջ, որը կառուցել են ընկերների և հարևանների օգնությամբ: Այն կառուցված է բնական նյութերով՝ կավ, ավազ, փայտ ու այն ամենով, ինչ կարելի է գտնել կղզում:

Սակայն տան գլխավոր առանձնահատկությունն այն է, որ շինությունը ծածկված է 180 քմ մակերեսով գմբեթով: Աղբյուրը մանրամասնում է, որ ջերմոցի ազդեցություն ունեցող գմբեթի բացակայության դեպքում, այս տան մեջ ապրելը չափազանց դժվար կլիներ: Դրանում եղած օդափոխման համակարգի շնորհիվ տան ներսում ամռանն ու ձմռանը հաճելի ջերմաստիճան է պահպանվում:

Տունը եռահարկ է, ունի 5 ննջասենյակ, 2 լոգասենյակ, ավտոտնակ ու տանիքում գտնվող բաց պատշգամբ, որտեղ կարելի է յոգայով զբաղվել, զմայլվել աստղերով և, իհարկե, չքնաղ հյուսիսափայլով:

Ամուսինները տան շուրջ տնկել են այգի, որտեղ աճեցնում են ծաղիկներ, մրգեր, բանջարեղեններ ու հատապտուղներ:

«Այստեղ բացառիկ մթնոլորտ է տիրում: Տունն ուղղակի ներծծված է հանգստությամբ, ինչը ես ամեն քայլափոխի զգում եմ»,-նշել է Ինգրիդը: