Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել կառավարման նախագահական ձևին անցնելուն


Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել կառավարման նախագահական ձևին անցնելուն
Հունվար 21 11:28 2017

Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական ձևին, հայտնում է ria.ru-ն:

Նշվում է, որ 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունման համար քվեարկել է 339 պատգամավոր: Այնուհետ օրենքը կդրվի հանրաքվեի, ինչից հետո էլ կկայացվի վերջնական որոշում:

«Շնորհակալ եմ պատգամավորներին արված աշխատանքի համար, այժմ վերջին խոսքը պետք է ժողովուրդն ասի»,-նշել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Ակնկալվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկայում կստորագրի օրենքը, ինչից հետո այն կդրվի հանրաքվեի:

Աղբյուրը մանրամասնում է, որ փոփոխությունների փաթեթը ենթադրում է նախագահի լիազորությունների ընդլայնում, վարչապետի պաշտոնի վերացում: Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը երկրի խորհրդարան էր ներկայացրել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։

Նշենք, որ Թուրքիան 1923թ. ի վեր խորհրդարանական պետություն է: