Ողբերգական վթար Արարատում. «Մերսեդեսը» հարվածել է պատնեշներին ու մի քանի պտույտ գլորվել. կա 1 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)


Ողբերգական վթար Արարատում. «Մերսեդեսը» հարվածել է պատնեշներին ու մի քանի պտույտ գլորվել. կա 1 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)
Մայիս 29 06:05 2017

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 28-ին, ժամը 23:21-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 53-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 34 QU 099 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 26-ամյա Արամ Չ.) կամրջի վրա դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճանապարհային երթեւեկությունը կարգավորող ցուցանակին, տապալել այն, այնուհետեւ հարվածել աջ հատվածում գտնվող երկաթբետոնե արգելապատնեշներին, դուրս եկել դեպի ձախ երթեւեկելի գոտի, հարվածել երկաթբետոնե արգելապատնեշներին եւ մոտ 40 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել բետոնե ջրատարին, այնուհետեւ՝ բետոնե պարսպին։

Վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ուղեւոր` 26-ամյա Արթուր Ա.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւորներ՝ 31-ամյա Սոֆիկ Խ.-ին եւ 26-ամյա Սուսաննա Վ.-ին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, այնուհետեւ Երեւան քաղաքի Էրեբունի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: