«Երբ մոտեցանք Լեւոն Երանոսյանին եւ փորձեցինք հարց ուղղել, նա ձեռքիցս բռնեց եւ ասաց՝ ս...ր եղի». լրագրողների ցուցմունքները՝ դատարանում


«Երբ մոտեցանք Լեւոն Երանոսյանին եւ փորձեցինք հարց ուղղել, նա ձեռքիցս բռնեց եւ ասաց՝ ս...ր եղի». լրագրողների ցուցմունքները՝ դատարանում
Հունվար 20 21:26 2017

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Էլեկտրիկ Երեւանի» շարժման ժամանակ տուժած լրագրողներն ընդդեմ ոստիկանության գործի դատական նիստին որպես վկա հարցաքննվեց Armday.am եւ Araratnews.amկայքերի լրագրող Փայլակ Ֆահրադյանը:
Լրագրողը դատարանում պատմեց, որ 2015-ի հունիսի 23-ին վաղ առավոտյան եղել է Բաղրամյան պողոտայում, որտեղ իրականացրել է իր լրագրողական մասնագիտական պարտականությունը: «Կար Լեւոն Երանոսյանը, Աշոտ Կարապետյանը, ով հիմա ոստիկանության համակարգում չի: Երբ ոստիկանները պետք է անցնեին հատուկ գործողությունների, մեզ հրահանգվեց աջ կամ ձախ հատվածում հավաքվել, որովհետեւ իրենք պատրաստվում էին հատուկ գործողություններ ձեռնարկել: Հետո, երբ ջրցան մեքենան գործի դրվեց, ոստիկանները սկսեցին ցուցարարներին բռնի ուժով բերման ենթարկել»,- ասաց Փայլակ Ֆահրադյանը:
Նա պատմեց, թե ինչպես է Աշոտ Կարապետյանը հրահանգել իրեն հեռացնել դեպքի վայրից: «Ոստիկանները դրանից հետո ինձ բռնի ուժով բերման էին ենթարկել ոստիկանության բաժին»: Աշոտ կարապետյանի խոսքերը նաեւ տեսագրվել են: Փայլակ Ֆահրադյանը վստահեցրեց, որ ոստիկանները հրահանգներ էին տալիս պարբերաբար: Հարցին՝ լսե՞լ եք, որ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանն ասի՝ լրագրողներին խոչընդոտեք, հանձնարարի, թե մի թողեք ձայնագրեն եւ այլն՝ նա պատասխանեց, որ անձամբ չի լսել, բայց գործընկերներն են պատմել որոշ բաներ: Օրինակ, նա նշեց, որ «Ազատության» լրագրող Հովհաննես Մովսիսյանը պատմել է, թե ինչպես է Լեւոն Երանոսյանը հարվածել իր ձեռքին:
Մեղադրող դատախազը ճշտեց՝ հաստա՞տ «հարվածել է» ասել Հովհաննես Մովսիսյանը, որովհետեւ նա քիչ առաջ դատարանում ցուցմունք տալուց ասաց, որ Երանոսյանը բռնել է ձեռքից, ոչ թե հարվածել: Փայլակ Ֆահրադյանը պատասխանեց. «Այսինքն, դուք կարծում եք, որ Լեւոն Երանոսյանը բռնել է ձեռքը շոյելու նպատակո՞վ»: Լրագրողի պատասխանը հարուցեց դատարանում ներկաների ծիծաղը: Ըստ Փայլակ Ֆահրադյանի, որեւէ հակասություն չկա իր եւ Հովհաննես Մովսիսյանի ասածի միջեւ:

Այսօրվա դատական նիստին որպես վկա հարցաքննվեց նաեւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանը: Վերջինս դատարանում պատմեց, որ ամբաստանյալներից որեւէ մեկին դեմքով չի ճանաչում, չի հիշում, իսկ տուժած լրագրողներից դեպքի վայրում տեսել է Արթուր Պապյանին: Հովհաննես Մովսիսյանը պատմեց, որ 2015-ի հունիսի 23-ին լուսաբանել է ցույցը: Նա նշեց, թե ջրցան մեքենան կիրառելուց առաջ իրենց օպերատորի՝ ուղիղ եթեր ապահովող սարքի լարը պոկել են եւ խափանել աշխատանքը, որից հետո ստիպված սկսել են տեսանկարահանման միջոցով աշխատել: Լրագրողը տեսել էր, թե ինչպես են ոստիկանները սկսել բերման ենթարկել քաղաքացիներին, հետո ՝ Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին են տեսել. «Տեսանք, որ ոստիկանները բռնություններ էին կիրառում: Այդ հատվածով իջանք ցայտաղբյուրին հարող հատվածը Օպերայի, օպերատորներից մեկին՝ Գարիկին բերման ենթարկեցին: Արթուր Պապյանն այդ ժամանակ ինձ հետ էր»: Հովհաննես Մովսիսյանը նկատել է փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին, որը մի քանի անձանց ուղեկցությամբ մտել է Ազատության հրապարակ: Փորձել են զրուցել Երանոսյանի հետ. «Դրանից առաջ տեսանք, որ մեկ լրագրողի եւ մեկ օպերատորի բռնությամբ բերման էին ենթարկում, հավանաբար «Արմենիայից» էին»: Լրագրողը դատարանից ներողություն խնդրեց եւ բառացիորեն ասաց, թե ինչ է իրեն նետել փոխոստիկանապետը. «Երբ մոտեցանք Լեւոն Երանոսյանին եւ փորձեցինք հարց ուղղել, նա ձեռքիցս բռնեց եւ ասաց՝ սիկտիր եղի»:

Երանոսյանին ուղեկցող անդամները, Հովհաննես Մովսիսյանի պատմելով, ընկել են Գարիկի հետեւից, նա վազել էր դեպի Խորենացի: Փորձել են խլել բարձրախոսն իր ձեռքից, հետո նկատել են, որ Արթուր Պապյանի հեռախոսն են կոտրել, հարվածել էին նաեւ գործընկեր Սիսակ Գաբրիելյանին: Երբ Երանոսյանը հեռացել է, տեսել են մի կոտրած՝ մի քանի մասի բաժանված տեսախցիկ, որը եղել է «Ազատության» տեսախցիկը:
Լրագրողը դատարանում պատմեց, թոր տեսել է, թե ինչպես են «Շանթի» օպերատորին բռնել եւ ստիպել, ասել են՝ ջնջի՛ր նկարածդ: Իսկ իրենց կոտրված տեխնիկան ցույց են տվել փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանին, որը չի արձագանքել. «Հասկացանք, որ արդեն լրագրողների նկատմամբ են բռնություն կիրառում, հասկացանք, որ այդտեղ հնարավոր չէ աշխատել, որովհետեւ արդեն ամբողջ տեխնիկան կոտրել էին»: Դատավորը Հովհաննես Մովսիսյանին հարց ուղղեց: Նա ասաց, որ Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ բռնություններից եք ասում, բայց Սիսակ Գաբրիելյանը այստեղ ցուցմունք է տվել եւ չի ասել, որ վնասվածք է ստացել, որտեղի՞ք իմացաք, որ վնասվել է՝ Հովհաննես Մովսիսյանը պատասխանեց, որ նրա վնասվածքների լուսանկարներն անգամ իրենց կայքում են հրապարակվել դեպքից մի քանի ժամ հետո: Հովհաննես Մովսիսյանը նաեւ ասաց, որ Լեւոն Երանոսյանը 1in.am-ի օպերատոր Գոռ Հովհաննիսյանին էլ ասել էր՝շարքից հանել: Նա, ըստ վկայի, այդ օրը ամենատուժած ԶԼՄ-ների ներկայացուցիչներից էր:
 

Լրագրողների լուսանկարները՝ aravot.am-ի

 



loading...