ԱՄՆ-ում դեպի Մարս թռիչքը նմանակող տևական գիտափորձ է սկսվել


ԱՄՆ-ում դեպի Մարս թռիչքը նմանակող տևական գիտափորձ է սկսվել
Հունվար 20 21:07 2017

Հավայան կղզիներում դեպի Մարս թռիչքի պայմանների նմանակման նոր գիտափորձ է սկսվել: Ինչպես հայտնել են դրա կազմակերպիչները, ութ ամսվա ընթացքում հինգ կամավորներ ԱՄՆ-ից եւ մեկը Մեծ Բրիտանիայից կապրեն գործնականում լիակատար մեկուսացման մեջ՝ Մաունա Լոա քնած հրաբխի լանջին հատուկ համալիրում, որը հեռավոր կերպով Կարմիր մոլորակի բնանկար է հիշեցնում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Սա նման կարգի թվով արդեն հինգերորդ գիտափորձն է տվյալ օբյեկտում, որը կազմակերպել է Հավայիի նահանգի համալսարանը եւ ֆինանսավորում է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA):
Ներկայիս նախագծին մասնակցելու համար 700 հավակնորդներից ընտրված գիտնականների խմբի մեջ են մտել չորս տղամարդ եւ երկու կին: NASA-ի եւ Հավայիի նահանգի համալսարանի մասնագետները հուսով են, որ գիտափորձը կօգնի նախախապատրաստելու դեպի Կարմիր մոլորակ մարդու առաջին թռիչքը, որն ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչությունը հույս ունի իրականացնել 2030-ական թվականներին:
Փորձագետները պլանավորում են ուսումնասիրել մի շարք բժշկական եւ հոգեբանական խնդիրներ, որոնք կարող են ծագել տիեզերանավի անձնակազմի համար:
Համալիրի սահմաններից դուրս մարդկանց հետ ֆիզիկական շփումներ չեն լինի: Նրանք կսնվեն բացառապես «տիեզերական»՝ սառեցված, սուբլիմացված եւ պահածոյացված կերակրով:
Գիտափորձի մասնակիցների եւ նրանց ղեկավարների միջեւ ռադիոկապը կիրականացվի 20-րոպեանոց հապաղումով. հենց այդքան ժամանակ է պահանջվում Երկրի եւ Մարսի միջեւ ազդանշանի անցնելու համար:
Առաջին նման գիտափորձը Հավայիներում կայացել է 2013 թվականին: Առաջին երկու խմբերն այնտեղ ապրել են չորսական ամիս, երրորդը՝ դիմացել է կրկնակի ավելի, չորրորդը՝ մի ամբողջ տարի:
Դեպի Կարմիր մոլորակ թռիչքի նմանակման նման բոլոր գիտափորձերից ամենաերկարատեւը համարվում է «Մարս-500»-ը, որն անցկացվել է 2010 – 2011 թվականներին Ռուսաստանում: Վեց կամավորներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից եւ Չինաստանից լիակատար մեկուսացման մեջ են եղել 520 օր. այդքան կտեւի ենթադրյալ թռիչքը Մարս եւ դեպի հետ: Ծրագիրն իրականացրել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Բժշկակենսաբանական խնդիրների ինստիտուտը՝ Եվրոպայի տիեզերական գործակալության մասնակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:



loading...