Ընտրություններին ընդառաջ գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ


Ընտրություններին ընդառաջ գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ
Հունվար 20 18:30 2017

2017թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ:

ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

« 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախապատրաստման եւ անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները եւ ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը ուսումնասիրելու, ըստ ենթակայության ուղարկելու, այդ հաղորդումների քննարկման, դրանց հիման վրա նախապատրաստված նյութերի եւ հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու եւ այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:

Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանը: Աշխատանքային խմբին հանձնարարվել է ապահովել դիտորդական առաքելություն իրականացնող եւ շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը եւ աշխատանքի հրապարակայնությունը: