«Նոր Հայաստանը Մանչեսթերի կենտրոնում է՝ իմ շուրջ». Հենրիխ Մխիթարյան


«Նոր Հայաստանը Մանչեսթերի կենտրոնում է՝ իմ շուրջ». Հենրիխ Մխիթարյան
Մայիս 24 12:33 2017

Եվրոպա լիգայի եզրափակչին ընդառաջ հեղինակավոր New York Times-ը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ և ներկայացրել մի քանի դրվագ այդ զրույցից: Մխիթարյանը պատմել է, որ կարիերայի նախնական շրջանում խաղից 3 օր առաջ անջատել է հեռախոսը: Իր համար շատ դժվար է եղել սկզբնական շրջանում, նա չի էլ ցանկացել լքել Հայաստանը:

Միայն աշխարհի մեծագույն ակումբներում, մեծ ստադիոններում ու ուժեղ հակառակորդների դեմ խաղալու երազանքն է ստիպել նրան տեղափոխվել Եվրոպա:

Առաջին անգամ «Մետալուրգի» հայ սեփականատեր Օլեգ Մկրտչյանը նրան համոզել է՝ ասելով, որ ընդամենը 6 ամսով է տանում Ուկրաինա՝ խաղալու:

Մխիթարյանի համար ընտանիքից հեռու գտնվելն իսկական մարտահրավեր է դարձել: Դժվար է եղել նաև Գերմանիայում: «Ինձ մեկ տարի պահանջվեց՝ հասկանալու գերմաներեն, և 18 ամիս՝ խոսելու համար»,- ասել է նա:

Մխիթարյանը հուսով է, որ հաղթանակը Եվրոպա լիգայում նրան ոչ միայն մեդալ կբերի, այլև մարդկանց հնարավորություն կտա իմանալու, թե որտեղ է Հայաստանը քարտեզի վրա: «Ուր որ հայերը գնան, կստեղծեն նոր Հայաստան: Նոր Հայաստանը Մանչեսթերի կենտրոնում է՝ իմ շուրջ»,- նշել է նա: