Քննարկում՝ Միասնական տոմսային համակարգին անցնելու հարցերով


Քննարկում՝ Միասնական տոմսային համակարգին անցնելու հարցերով
Հունվար 20 15:18 2017

«Կարծում եմ, որ այս համակարգը շատ բան կշտկի տոմսաշրջանառության մեջ՝ և՛ արդյունավետության բարձրացման, և՛ հաշվառման, և ՛ այցելուների թվի աճի առումով»:
Նախարար Ամիրյանի պարզաբանումը վերաբերում է Միասնական էլեկտրոնային տոմսային համակարգին, որի մասին առավել հստակ պատկերացում կազմելու համար գերատեսչության պաշտոնյաներն իրենց հարցերն ուղղեցին IT ոլորտի փորձագետ, ՀՀ մշակույթի նախարարության՝ տոմսային այս համակարգին անցնելու ծրագրի խորհրդատու Արա Յաղջյանին:

Փորձագետը համակարգը համեմատեց փոքրիկ բանկի հետ, որը սպասարկում է մի շարք կառույցների: Լոկալ տոմսարկղերը կգործեն մեկ ընդհանուր համակարգի մեջ, որը կվերահսկի ամբողջ տոմսաշրջանառությունը: «Հնարավորություն է ստեղծվում տոմսերը գնել միասնական համակարգի միջոցով՝ և′ առցանց, և′ տեղում: Այսինքն, բոլոր համերգասրահների, թատերասրահների, թանգարանների, պատմական մի շարք հուշարձանների տոմսարկղերը տոմսերի վաճառքը կիրականացնեն միասնական մեկ ցանցով, որպեսզի որևէ տոմսարկղից գնած տոմսը մյուսում լինի վավեր և առաջարկվի բոլոր տոմսարկղերում միաժամանակ:

Համակարգը բացառում է ստվերային տոմսաշրջանառությունը՝ վաճառքի գործընթացը դարձնելով բաց և թափանցիկ »,-ասաց փորձագետը:
Ի թիվս մի շարք հարցերի՝ նախարարի հրավիրած հանդիպմանը քննարկվեց նաև առանցքային համակարգողի հարցը՝ պետությո՞ւն, թե մասնավոր հատված: Նախընտրելի տարբերակը՝ որ համակարգի «ուղեղը» գտնվի պետական վերահսկողության ներքո, սպասարկումն իրականացվի լոկալ կառույցների միջոցով:

Նախարարը կարևորեց այն փաստը, որ Միասնական էլեկտրոնային տոմսային համակարգը հնարավորություն կտա հետևելու և վերլուծելու այցելուների հոսքը՝ պարզելով, թե ի վերջո ո′ր ներկայացումներն ու ցուցադրություններն են պահանջված մեր թատերահամերգասրահներում, թանգարաններում: «Համակարգը կառողջացնի նաև ստեղծագործական կյանքը»,-վստահություն հայտնեց Արմեն Ամիրյանը:

Ալիսա Գևորգյան