«Ժառանգության» ապագան մշուշոտ է


«Ժառանգության» ապագան մշուշոտ է
Հունվար 20 11:20 2017

Երեկ տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը: Կուսակցության վարչության անդամները իրենց առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին մանսակցելու-չմասնակցելու հարցը: Օրակարգում եղել է նաեւ այն հարցը, թե առանձին են մասնակցելու ԱԺ ընտրություններին, թե՞ դաշինքով:

Սակայն մինչ այս ամենին անդրադառնալը «Ժառանգություն»-ում զարգացած իրադարձությունների եւ ներքին խմորումների մասին: 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին «Ժառանգություն»-ը դաշինք կազմեց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության հետ: Րաֆֆի Հովհաննիսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը մեկ ցուցակով մասնակցեցին ընտրություններին՝ խոստանալով սարեր շարժել: 5-րդ գումարման Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ «Ժառանգություն»-ը ստացավ հինգ տոկոս ձայն: Ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից: Հենց այդ ժամանակ էլ ի հայտ եկան երկու կուսակցությունների միջեւ առկա տարաձայնությունները: Մասնավորապես այդ ժամանակ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ մանդատից պետք է հրաժարվի նաեւ Խաչատուր Քոքոբելյանը: Վերջինս, սակայն, դա չարեց, փոխարենը խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարեց: Նրա օրինակին հետեւեց Ալեքսանդր Արզումանյանը:

Հինգ հոգանոց խմբակցությունը դե ֆակտո դարձավ երեք: Հետո «Ժառանգության» մեկ այլ անդամի՝ Ռուբիկ Հակոբյանի եւ Զարուհի Փոստանջյանի հարաբերությունները լարվեցին: Լարվեցին նաեւ ոչ ժառանգական, բայց համանուն խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի եւ Զարուհի Փոստանջյանի հարաբերությունները: Հետագա տարիներին եւ մինչեւ այսօր էլ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն, ըստ էության, խորհրդարանում հայտարարելով, թե տեսակետը խմբակցությանն է, իրականում այն արտացոլում է միայն իրենը: Հետո երբ խորհրդարանում ձեւավորվեց ոչ իշխանական ուժերից բաղակացած նախ քառյակ, հետո եռյակ, Զարուհի Փոստանջյանը դարձյալ հայտարարեց, թե Ռուբիկ Հակոբյանը, եւ Թեւան Պողոսյանը կատարում են իշխանության պատվերը: Գործընկերների մասին Փոստանջյանը նույն կերպ արտահայտվեց նաեւ երբ նրանք Բաղրամյան 26-ում Սահմանադրական փոփոխությունների համատեսքստույմ հանդիպում- քննարկում էին ունեցել Սերժ Սարգսյանի հետ:

«Ժառանգության» կուսակցությունում առկա ներքին խմորումներն առավել տեսանելի դարձան վերջին ամիսներին: Մասնավորապես կուսակցության վարչության անդամները չեն կարողանում համաձայնության գալ առաջիկա ընտրություններին մասնակցելու ձեւաչափի հարցի շուրջ: Կուսկացության շարքերը վերջերս լքեց նաեւ նախկին պատգամավոր, Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը: Իսկ կուսակցության որեւէ անդամի ներկայացրած տեսակետից հետո Զարուհի Փոստանջյանը հայտարարում էր, թե այն չի արտացոլում կուսակցության պաշտոմանական տեսակետը: Նույնը նա արեց նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում: Վերադառնալով երեկ տեղի ունեցած քաղխորհրի նիստին՝ նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ վարչության նիստն ընթացել է բավականին թեժ մթնոլորտում: Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դեմ է դաշինքներով հանդես գալուն, իսկ մյուսները՝ կողմ են արտահայտվել: Ըստ տեղեկությունների՝ եթե այսպես շարունակվի, ապա չի բացառվում, որ «Ժառանգություն» կուսակցությունն առհասարակ չմասնակցի ընտրություններին:

Նշենք, որ նույն հրապարակումների համաձայն կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Փոստանջյանին, միջամտել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Արմեն Մարտիրոսյանը դեռեւս չի արձագանքել այս հրապարակումներին: Դատելով ընդդիմադիր կուսակցությունում ընթացող զարգացումներից, կարելի է ասել, որ քաղական չկողմնորոշվածությունը կարող է լրջագույն հարված հասցնել կուսակցությանը, իսկ համապետական ընտրություններին չմասնակցելը իր հերթին կարող է դառնալ ինքնաոչնչացման պատճառ:

Փայլակ Ֆահրադյան