«Ես այսօր այստեղ եմ ձեր կողքին կանգնած»


«Ես այսօր այստեղ եմ ձեր կողքին կանգնած»
Հունվար 20 12:35 2017

Օրերս ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ակտիվ քաղաքականություն է վերադառնում՝ ընդգծելով, թե երբեք չի ձգտել իշխանության: Հիմա էլ հայտարարերով ակտիվ քաղաքականություն իր վերադարձի մասին՝ Ծառուկյանը դարձյալ նշում է, որ իշխանության չի ձգտում: Այսինքն ըստ Ծառուկյանի՝ ինչ անում է, ժողովրդի համար է անում: Մեկ անգամ էլ Ծառուկյանը հասցրել լինել ժողովրդի կողքին: Խոսքը վերաբերում է եռյակի հանրահավաքներից մեկի ժամանակ Ծառուկյանի արած արտահայտությանը. «Ես այսօր այստեղ եմ ձեր կողքին կանգնած եւ ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ ձեր կողքին»: Հայտնի այս արտահայտությունից հետո եւ փետրվարյան զարգացումներից հետո Գագիկ Ծառուկյանը լքեց քաղաքականությունը:

Լինելով ԱԺ պատգամավոր՝ Ծառուկյանը որեւէ մեկ անգամ խորհրդարան չներկայացավ, հիմա, սակայն, հայտ է ներկայացնում դարձյալ լինել խորհրդարանում՝ փորձելով հասարակությանը համոզել, որ հենց իր համար է անում: «Ես զերծ կմնայի քաղաքական գործընթացներին մասնակցելուց, եթե տեսնեի ու վստահ լինեի, որ մեր երկիրը ընթանում է ճիշտ ճանապարհով, տնտեսությունը զարգանում է, որ ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրանում է: Ցավոք, ունենք մեծ չափերի հասնող արտագաղթ, թույլ ու հիվանդ տնտեսություն, աղքատության անընդհատ աճ, բարձր չափերի հասնող գործազրկություն և ապագայի նկատմամբ անվստահություն: Ես չեմ կարող անտարբեր լինել իմ ժողովրդի ճակատագրի հանդեպ՝ հատկապես, որ յուրաքանչյուր օր ինձ են դիմում հազարավոր քաղաքացիներ՝ հորդորելով վերադառնալ քաղաքականություն»,- քաղաքականություն իր մուտքն ավետելիս ասել էր Ծառուկյանը: Միթե եթե Ծառուկյանը տեղ զբաղեցրեց խորհրդարանում, բայց նիստերին չմասնակցեց, երկիրը կընթանա ճիշտ ուղիով, կամ քաղաքացիները չեն արտագաղթի, որովհետեւ Գագիկ Ծառուկյանն ԱԺ պատգամավոր է: Մեղմ ասած, անտրամաբանական բացատրություն՝ քաղաքականություն մուտք գործելու պարագայում:

Չմոռանանք, որ Գագիկ Ծառուկյանը հեռացվել է իշխանության հրահանգով, հետեւաբար նրա վերադարձը պայմանավորված է միմյայն իշխանության «դաբրոյով», իսկ պատգամավորական մանդատ ստանալու Ծառուկյանի նպատակը իր սեփականությունը, դրա անձեռնամխելիությունը պահպանելն է:

Փայլակ Ֆահրադյան