Թուրքիան առաջնորդվելու է «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով. Էրդողան


Թուրքիան առաջնորդվելու է «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով. Էրդողան
Հունվար 19 22:54 2017

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում ՏԻՄ ղեկավարների 35-րդ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ արտերկրում են գտնվում այն սպառնալիքների մեծ մասի աղբյուրները, որոնց այսօր բախվում է Թուրքիան.

«Մենք թույլ չենք տա, որ արտաքին ուժերը փորձեն տնտեսական ճնշման, ահաբեկչական ակտերի ու դավաճանների գործողությունների եղանակով թուլացնեն Թուրքիան։ Մենք պատրաստ ենք սպառնալիքը ոչնչացնել բնօրրանում։

Վերջին 1.5 տարում PKK-ի դեմ պայքարում զոհվել է 871 զինծառայող ու ոստիկան։ Բացի այդ, զոհվել է 337 խաղաղ քաղաքացի»։ Խոսելով «Եփրատի վահան» գործողության մասին՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարայում քաջատեղյակ են, թե ինչու է ձգձգվում ԴԱԻՇ-ին սիրիական Էլ-Բաբ քաղաքից վտարելու գործողությունը.

«Տարածաշրջանում Թուրքիային սպառնացող բոլոր ուժերը կչեզոքացվեն։ Ես մշտապես հայտարարել եմ Սիրիայում ահաբեկիչներից զերծ անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտության մասին։

Դա մեր իրավունքն է։ Թուրքիան առաջնորդվելու է «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով։ Թուրքիան պաշտպանությունից անցնում է հարձակման»։