Human Rights Watch-ը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստներին


Human Rights Watch-ը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստներին
Հունվար 19 21:54 2017

Human Rights Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել ազատ արձակել երկրում գործող NIDA ընդդիմադիր շարժման ակտիվիստ Էլգիզ Գահրամանին, ով ձերբակալվել է 2016-ի օգոստոսին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ երիտասարդ ակտիվիստը ձերբակալվել և խոշտանգումների է ենթարկվել իշխանությունների նկատմամբ քննադատական մտքեր արտահայտելու համար, քանզի ակտիվիստի դեմ առաջադրված մեղադրանքները կեղծ են և պարունակում են քաղաքական շարժառիթներ:
Հունվարի 16-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը ապօրինաբար թմրանյութեր արտադրելու, պահելու և իրացնելու մեղադրանքով Ադրբեջանում գործող NIDA քաղաքացիական շարժման անդամ Էլգիզ Գահրամանին դատապարտել է 5 տարի 6 ամսվա ազատազրկման:
Human Rights Watch-ի հրապարակած հայտարարության մեջ նշվում է նաև, որ NIDA շարժման այլ երկու ակտիվիստիներ` Բայրամ Մամմեդովը և Գիյաս Իբրահիմովը, որոնք դատարանի վճռով դատապարտվել են 10 տարի ազատազրկման, նույնպես անարդարության և անօրինականության զոհեր են:
Կազմակերպությունը Ադրբեջանի կառավարությանը քննադատել է ընդդիմադիրների խոսքի ազատությունը սահմանափակելու համար և կոչ է արել Ադրբեջանին հետևել միջազգային հանրության և կազմակերպությունների հորդորներին` քայլեր ձեռնարկել երկրում մարդու իրավունքների խախտման դեպքերին վերջ տալու ուղղությամբ:
Human Rights Watch-ը հունվարի 12-ին հրապարակել էր մարդու իրավունքների վերաբերյալ 2016-ի ամփոփիչ զեկույցը, որում տեղ էր գտել նաև Ադրբեջանը:
Զեկույցում ասվում էր, որ Ադրբեջանում 2016-ին խոսքի ազատության, երբեմնի կենսունակ և ակտիվ քաղաքացիական հասարակության դրությունը ավելի է վատթարացել, իշխանություններին քննադատող անձինք ձերբակալվել և տարբեր խոշտանգումների ու ճնշումների են ենթարկվել:
Ադրբեջանում ընդունված սահմանափակող օրենքները գրեթե անհնար են դարձնում հասարակական կազմակերպությունների գործունեությունը:
Ձերբակալվածներին առաջադրվում են թմրանյութեր պահելու եւ օգտագործելու, խուլիգանության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և բազմաթիվ այլ շինծու մեղադրանքներ, սակայն ձերբակալությունների իրական դրդապատճառները քաղաքական են: