ՀԱԿ նախընտրական շտաբը կգլխավորի Լևոն Զուրաբյանը


ՀԱԿ նախընտրական շտաբը կգլխավորի Լևոն Զուրաբյանը
Հունվար 19 21:27 2017

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ձևավորել է առաջիկա Ազգային ժողովի ընտրությունների կենտրոնական նախընտրական շտաբը:

Ինչպես հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից, հունվարի 19-ին տեղի է ունեցել կուսակցության վարչության նիստ: Նիստի ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի ընտրությունների հետ առնչվող և ընթացիկ այլ հարցեր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ կուսակցության նախընտրական շտաբը ինքն է գլխավորելու: Կուսակցության համամասնական և տարածքային ցուցակների հստակեցման վերաբերյալ հարցին պատգամավորը չպատասխանեց. «Մենք այս պահին նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում և մամուլին ասելու բան չունենք»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: Կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրություններին մասնակցելու հայտերը կարող են ներկայացնել փետրվարի 6-16-ը, իսկ համամասնական և տարածքային ցուցակները` փետրվարի 16-26-ը: