ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են արել բարեփոխել Ադրբեջանի դատական համակարգը


ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են արել բարեփոխել Ադրբեջանի դատական համակարգը
Հունվար 19 20:11 2017

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ի Մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողներ Ստեֆան Շեննակն ու Ֆլորին Պրեդոն հունվարի 12-14-ին Բաքու կատարած այցի արդյունքներով հանդես են եկել հայտարարությամբ։

Նրանք մեծապես կարևորել են Ադրբեջանում բարեփոխումների իրագործման գործընթացին ազդակ հաղորդելը և դատական համակարգի, ԶԼՄ-ների ազատության, մարդու իրավունքների, ՀԿ-ների մասին օրենսդրության շուրջ ադրբեջանական իշխանությունների հետ երկխոսության շարունակումը։

Համազեկուցողները քննարկել են նաև Ադրբեջանում մարդու իրավունքների պահպանման հարցը, ինչը հատկապես վերաբերում է քաղբանտարկյալների խնդրին՝ հենվելով Amnesty Innternational-ի կազմած «խղճի բանտարկյալների» ցուցակի վրա։

Նրանք նշել են, որ 2016 թվականին Ադրբեջանում ազատ են արձակվել մի շարք իրավապաշտպաններ, լրագրողներ, քաղաքական ակտիվիստներ և հույս են հայտնել, որ գործընթացը կշարունակվի նաև 2017 թվականին։