Գևորգ Պետրոսյանը՝ Նաիրա Զոհրաբյանի հետ հաշտվելու մասին. Մեր միջև եղել են ներկուսակցական տարաձայնություններ, բայց դրանք չեն հատել թշնամության սահմանը


Գևորգ Պետրոսյանը՝ Նաիրա Զոհրաբյանի հետ հաշտվելու մասին.  Մեր միջև եղել են ներկուսակցական տարաձայնություններ, բայց դրանք չեն հատել թշնամության սահմանը
Հունվար 19 18:47 2017

Armday.am-ի զրուցակիցն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը:

-Պարոն Պետրոսյան, ճի՞շտ է, որ հաշտվել եք ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ: Ինչպե՞ս է տեղի ունեցել հաշտեցումը, հանդիպել եք արդյոք նրան, այժմ ի՞նչ հարաբերություններ ունեք նրա հետ, շարունակո՞ւմ եք կարծել, որ նա քանդում է կուսակցությունը, թե Ձեր դիրքորոշման մեջ, այնումենայնիվ, կա փոփոխություն:

-Դատական վեճի առկայության դեպքում հաշտությունը հաստատվում է դատական ակտով: Առ այսօր չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, որով հաստատված լինի մեր հաշտությունը: Երբ կլինի գործի վարույթը կարճելու մասին որոշում, որը կմտնի օինական ոժի մեջ, ես այդ մասին չեմ լռի: Ինչ վերաբերում է տիկին Զոհրաբյանի հետ հանդիպելուն, ես իր հետ չեմ հանդիպում, ուստի և որևէ հարաբերություն չունեմ: Ես ուղղակի չեմ հասկանում, թե ներքաղաքական այս աննախադեպ թոհուբոհի պայմաններում այդ ինչ բացառիկ կարևորություն է ձեռք բերել իմ և տիկին Զոհրաբյանի միջանձնային հարաբերությունների խնդիրը: Եթե մեր փոխհարաբերությունների վիճակն իսկապես հետաքրքրում էր շատերին, ապա ինչո՞ւ են այդ մասին հիշել հենց այսօր: Ուրիշ կարևոր հարցեր չկա՞ն... Այո՛, մեր միջև եղել են ներկուսակցական տարաձայնություններ, որոնք պատճառ են դարձել դատական վեճի համար, բայց դրանք չեն եղել անձնական բնույթի ու չեն հատել թշնամության սահմանը, որը հնարավոր չլինի հարթել: Անգամ պատերազմող երկրներն ու ազգերն են հաշտվում, ուր մնաց ներկուսակցական տարաձայնոթյուննեը չհարթվեն: Մեծ ջանքեր պետք չեն` մեր միջև առաջացած խնդիրը լուծելու համար: Կարծում եմ` մոտ ապագայում բոլոր տարաձայնությունները կմնան ետևում:

-Գագիկ Ծառուկյանը հայտարարեց դաշինք ստեղծելու մասին, հնարավո՞ր է Ձեզ տեսնենք այդ դաշինքում: Համագործակցության ի՞նչ ֆորմատ եք պատկերացնում:

-Ես ողջունում եմ Գագիկ Ծառուկյանի որոշումը: Շատերն են սպասել այդ որոշմանը: Միանում եմ այն կարծիքին, որ նրա բացակայությունը (նկատի ունեմ` ակտիվ քաղաքականության ժամանակավոր դադարեցումը) քաղաքական դաշտում այդպես էլ չլրացվեց ոչ մի ուժի կամ անհատի կողմից: Ես այժմ հանդիսանում եմ "Միասնություն" համազգային շարժման անդամ և համագործակցելու եմ բոլոր այն ուժերի ու անհատների հետ, ովքեր կիսում են երկրում առողջ ու անարյուն սերնդափուխություն իրականացնելու մոտեցումը: Գագիկ Ծառուկյանի կողմից գլխավորվող դաշինքին իմ մասնակցությունը պայմանավորված է "Միասնություն" շարժման որոշմամբ` Շարժման և դաշինքի համագործակցոթյան շրջանակներում: Եթե Միասնությունը միանա այդ դաշինքին, ես ինչու պետք է հրաժարվեմ համագործակցությունից, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մի մարդու, ում միշտ հարգել եմ` առ այսօր:

-Ապագա խորհրդարանում հայտնվելու ցանկություն կա՞, ինչպես եք գնահատում Ձեր շանսերը:

- Ի՞նչ է նշանակում "Ձեր շանսեր" արտահայտությունը: Եթե նկատի ունեք` "Միասնություն" համազգային շարժման շանսերը, ապա դրանք շատ բարձր են: Շարժումը եզակի արագությամբ կարողացավ մեծ հետաքրքրություն հարուցել հասարակական-քաղաքական շրջականերում: Ընդամենը երկու-երեք ամսվա կյանք ունեցող նախաձեռնությունը, շնորհիվ Շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանի գործուն ջանքերի և նրա շուրջը միավորված ուժեղ ու հայրենասեր անհատների, այսօր արդեն մեծ հեղինակություն է վայելում հանրության շրջանում: Եթե նկատի ունեք իմ անձնական շանսերը, ապա դրա մասին խոսք կարող է լինել միայն այն դեպքում, երբ որոշվի իմ մասնակցությունը փորձել այսպես կոչված` ռեյտինգային կարգով առաջադրվելու դեպքում: Առայժմ նման որոշում չկա, և անձնական շանսերի մասին խոսելն անհարկի է: