ԼՂՀ Նախագահն ընդունել է Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը


ԼՂՀ Նախագահն ընդունել է Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը
Հունվար 19 18:10 2017

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, և անցկացրել ընդլայնված խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանի և Ստեփանակերտի ու ԼՂՀ շրջանների համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:

Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Համապատասխան ելույթներով հանդես են եկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Երևան քաղաքի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս ոչ միայն լուծել տարբեր սոցիալ-տնտեսական հարցեր, այլ նաև ստեղծել ամուր բարեկամական կապեր քաղաքամայր Երեւանի և Արցախի միջեւ: «Մենք բարձր ենք գնահատում Ստեփանակերտի ու Արցախի շրջանների հետ կապերը զարգացնելու և խորացնելու Երևանի քաղաքապետարանի անկեղծ շահագրգռվածությունը և պատրաստակամությունը: Դա հայրենասիրության և քաղաքացիական բարձր կեցվածքի վառ դրսևորում է»,- ընդգծել է Բակո Սահակյանը:

ԼՂՀ Նախագահը պետական պարգևներ է հանձնել Երեւանի քաղաքապետարանի և վարչական շրջանների մի խումբ աշխատակիցների` ԼՂՀ մայրաքաղաքում և շրջաններում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Խորհրդակցությանը մասնակցում էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: