Ոստիկանությունը հրաժարվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամի դեմ դատական հայցից, ով Սարի թաղի դեպքերով կալանքի տակ է


Ոստիկանությունը հրաժարվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամի դեմ դատական հայցից, ով Սարի թաղի դեպքերով կալանքի տակ է
Հունվար 19 13:33 2017

Վարչական դատարանում երեկ «Ոստիկանությունն ընդդեմ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հովհաննես Ղազարյանի» գործով նիստի ժամանակ նիստը նախագահող դատավոր Լիանա Հակոբյանը հայտնել է, որ հայցվոր կողմ հանդիսացող ՀՀ ոստիկանությունը հայցից հրաժարվել է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Ղազարյանի դեմ քրեական գործով պաշտպան Անի Չատինյանը:

Նա ասաց, որ վարչական դատարանը գտել է, որ առկա է գործի վարույթը կարճելու հիմք և այն կարճել է:

Նշենք, որ Ոստիկանությունը դատարան պահանջ էր ներկայացրել, որպեսզի Ղազարյանին պատասխանատվության ենթարկեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով, այն է` հավաքի մասնակցի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելը և հավաքի խաղաղ ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելը:

Հովհաննես Ղազարյանը մասնակցել էր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի կալանքի երկարաձգման դեմ ցույցին, ի թիվս այլ ցուցարարների պառկել էր Մաշտոցի պողոտայում, որտեղից էլ բերման էր ենթարկվել:

Հիշեցնենք, որ Հովհաննես Ղազարյանը մեղադրվում է նաև 2016 թվականի հուլիսին Սարի Թաղում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ:

Հովհաննես Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: