Մեկնարկել է Սերժ Սարգսյանի հանդիպումը Կատարի Պետության Էմիրի հետ


Մեկնարկել է Սերժ Սարգսյանի հանդիպումը Կատարի Պետության Էմիրի հետ
Մայիս 15 13:58 2017

Կատարի պետության մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, մինչ երկկողմ հանդիպման մեկնարկը, Կատարի Էմիրի դիվանում կայացավ ՀՀ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը, այլ պաշտոնատար անձինք:

Մայրաքաղաք Դոհայում նախատեսված են նաև Հանրապետության Նախագահի հանդիպումները «Կատար էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի, Կատարի գործարար շրջանակների և տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997թ. նոյեմբերի 5-ին: Վերջին անգամ ՀՀ Նախագահը պաշտոնական այցով եղել է Կատարի Պետությունում 2002թ.:



loading...