«Հուսահատության գազելներից» ընտրություններով չենք պրծնելու. վարչապետ


«Հուսահատության գազելներից» ընտրություններով չենք պրծնելու. վարչապետ
Մայիս 14 11:16 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարծում է, որ ընտրություններով չի ավարտվելու «ԵԼՔ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարած «հուսահատության գազելների» խնդիրը։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի ընտրություններին քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում:

«Ընտրություններով չենք պրծնելու, կառավարումով ենք պրծնելու, ավելի խելոք համակարգ ունենալով, ներդրումների դաշտ ունեալով ենք պրծնելու»,- ասաց վարչապետը։

Դիտարկմանը՝ Տարոն Մարգարյանը վեց տարի է, ինչ քաղաքապետ է աշխատում, բայց «հուսահատության գազելներից» ելք չկա, Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Բազմաթիվ խնդիրներ կան, որ կարող է դեռ չորսը տարում չլուծենք, բայց դա չի նշանակում, որ 5-րդ տարին չի լուծվելու, չէ՞»։

Անդրադառնալով տրանսպորտի վիճակին, Կարապետյանը նկատեց. «Տրանսպորտի վիճակը ես համարում եմ շատ վատ և ոչ հարմար ձև՝ մարդկանց տեղափոխման համար, այդ իսկ պատճառով, վստահ եմ, Տարոն Մարգարյանն այդ հարցի շուրջ իր տեսլականը հայտարարել է, խնդիրներ կան, որոնց հերթը հասնելու է, մենք ֆինանսական սահմանափակ կարողություններ ունենք, ելնելով դրանցից՝ խնդիրների որոշակի հերթականություն է դրվում»: