Կառավարությունում քննարկվել է անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի նախագիծը


Կառավարությունում քննարկվել է անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի նախագիծը
Մայիս 13 12:40 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի նախագիծը: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին,  տեղեկանում ենք տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ներկայացնելով հայեցակարգի հիմնական դրույթները՝ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ այն ուղղված է անտառային ոլորտի կայուն կառավարման, անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման վիճակի բարելավման ու ապօրինի հատումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խնդիրների լուծմանը: Ոլորտում բարեփոխումների իրականացումը պայմանավորված է ՀՀ-ում քայքայված անտառային ռեսուրսների վերականգնումը, անտառածածկի ավելացումը, անտառների բնապահպանական, սոցիալական եւ տնտեսական նշանակության գործառույթների պահպանումն ու զարգացումը, պաշարների շարունակական եւ արդյունավետ օգտագործումն ապահովելու անհրաժեշտությամբ: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են առկա խնդիրներին հայեցակարգով առաջարկվող լուծումներին, հիմնական սկզբունքներին եւ քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Վարչապետն ընդգծել է, որ հայեցակարգը պետք է համալիր եւ հստակ լուծումներ առաջարկի անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, հսկողության եւ մոնիթորինգի, անտառային տնտեսության զարգացման, ինչպես նաեւ առկա պատասխանատու կառույցների օպտիմալացման եւ գործունեության արդյունավետության բարձրացման համար: Կարեն Կարապետյանը հանձնարարել է լրամշակել հայեցակարգի նախագիծը հնչած առաջարկություններով եւ սեղմ ժամկետում ներկայացնել կառավարություն: