Ձեր առաջին տիկինը լինելը կյանքիս մեծագույն պատիվն էր. Միշել Օբամայի հրաժեշտի գրառումը Twitter-ում


Ձեր առաջին տիկինը լինելը կյանքիս մեծագույն պատիվն էր. Միշել Օբամայի հրաժեշտի գրառումը Twitter-ում
Հունվար 19 13:11 2017

Միշել Օբաման, ում հաշված ժամեր են մնացել Միացյալ Նահանգների առաջին տիկնոջ պաշտոնում ծառայելու համար, իր հրաժեշտի գրությունն է արել Twitter սոցկայքի պաշտոնական միկրոբլոգում:

«Ձեր առաջին տիկինը լինելը կյանքիս մեծագույն պատիվն էր: Ի սրտե շնորհակալ եմ»,-մեջբերում է The Daily Mail-ը Միշել Օբամայի գրառումը՝ հավելելով, որ դրան կից առաջին տիկինը հրապարակել է իր և ամուսնու՝ գործող նախագահ Բարաք Օբամայի գրկախառնված լուսանկարը:

Պարբերականը հավելում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը կայանալու է հունվարի 20-ին, ինչից հետո Օբամաները կլքեն Սպիտակ տունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը, նրա կինն ու 2 դուստրերը Սպիտակ տունն ազատելուց հետո չեն լքի Վաշինգտոնը: Նրանք կտեղափոխվեն 4.3 մլն դոլար արժողությամբ առանձնատուն՝ համալրված հարմարավետ կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:

Հայտնի է, որ Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո Օբամաների ընտանիքը կարճատև հանգստի կմեկնի արևաշող Փալմ Սփրինգս, որտեղից էլ կվերադառնա Վաշինգտոն, սակայն արդեն նոր առանձնատուն: