Պարբերաբար հրապարակել խախտումներ թույլ տված հարկ վճարողների տվյալները. Կարապետյանը՝ ՊԵԿ-ին


Պարբերաբար հրապարակել խախտումներ թույլ տված հարկ վճարողների տվյալները. Կարապետյանը՝ ՊԵԿ-ին
Հունվար 19 12:05 2017

Կառավարության նիստի սկզբում  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ սեպտեմբերի 15-ին իր կողմից տրված այն հանձնարարականին, թե հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր ու մանր ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում:

Կարապետյանի խոսքով,  սակայն Պետական եկամուտների կոմիտեն ահազանգել է, որ առկա են մի շարք բացասական երևույթներ. «Իրացման շրջանառությունների և գների, աշխատողների թվաքանակի, վարձատրությունների մեծությունների թերհայտարարագրում, առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների մատակարարում, ծախսերի ուռճացում, ՀԴՄ կտրոնների շահագործման կանոնների խախտում»:

Վարչապետը պարզաբանեց, որ մեղմ վարչարարությունը կարող է և պետք է վերաբերի բացառապես օրինապահ հարկ վճարողներին, իսկ հարկային վճարումներից խուսափելու ցանկացած դրսևորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի:

Այդ առնչությամբ Կարապետյանը  ՊԵԿ նախագահին հանձնարարեց. «Հսկողություն սահմանել վերը նշված երևույթների նկատմամբ՝ կիրառելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմը և յուրաքանչյուր եռամսյակ տեղեկություն ներկայացնել ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանն արձանագրված խախտումների վերաբերյալ: Պարբերաբար հրապարակել խախտումներ թույլ տված հարկ վճարողների տվյալները»:

Բացի այդ, վարչապետը հանձնարարեց, որ այն հարկ վճարողներին, որոնք ՊԵԿ-ին առցանց հասանելի կդարձնեն իրենց հաշվապահական հաշվառման համակարգերը և կամավոր կուղղեն ՊԵԿ-ի կողմից արձանագրած անճշտությունները, չներառել տարեկան ստուգումների ցանկում:

Փայլակ Ֆահրադյան