Դավիթ Հարությունյանը՝ Կարապետյանի հանձնարարականների մասին


Դավիթ Հարությունյանը՝ Կարապետյանի հանձնարարականների մասին
Հունվար 19 11:41 2017

ՀՀ կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց տեղեկատվություն կառավարության նախորդ նիստերին տրված հանձնարարականների և դրանց կատարողականի մասին:

Դ. Հարությունյանն ասաց, թե 2016 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2017 թ-ի հունվարի 12-ը կառավարության նիստերին հնչել են բազմաթիվ հանձնարարականներ և դրանց հիմնական մասը վերաբերել են քաղաքականությունն իրականացնելուն: Այսինքն՝ նախարարությունները քաղաքականություն իրականացնելու առումով պետք է մշակեին համապատասխան իրավական ակտեր:

Ըստ նրա  նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ մշակվել են 101 իրավական ակտեր, որոնցից ընդունվել են 51-ը: Այդ ակտերի թվին են պատկանում օրենքների նախագծեր, կառավարության և վարչապետի որոշումներ, որոշ դեպքերում նախարարների հրամաններ:

Անդրադառնալով առավել կարևոր և հետաքրքրություն ներկայացնող որոշումներին՝ Դավիթ Հարությունյանը առանձնացրեց պետական կառավարման համակարգի արդիականացմանն ուղղված քաղաքական որոշումները:

«Առավել կարևոր կետերից մեկը լիազորությունների ապակենտրոնացումն է: Այս հանձնարարականի արդյունքում որդեգրվել է երկու մոտեցում: Առաջին՝ յուրաքանչյուր օրենքի նախագիծ, որը մշակվում է և չի վերաբերում լիազորությունների ապակենտրոնացմանը, պարտադիր պետք է անդադարձ կատարի լիազորությունների խնդրին: Այսինքն՝ ինչ լիազորություններ կան, որոնք վերապահված են կառավարությանը և, եթե հնարավոր է այն վերապահել ավելի ստորին օղակներին համապատասխան պատասխանատվություն սահմանելով՝ օրինակ նախարարություններին»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Անդրադառնալով «Գնումների մասին» նոր օրենքին, որն արդեն ընդունվել է Ազգային ժողովի կողմից՝ նշեց, որ այն նախատեսում է գնումների ավելի ճկուն և թափանցիկ մեխանիզմներ, ինչը թույլ է տալիս բարձրացնելու կառավարության հանրային հաշվետվողականությունը:

Հաջորդը վերաբերում է ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի օպտիմալացմանը: «2017թ-ին կատարված փոփոխությունները հնարավորություն կընձեռեն տնտեսելու 3,9 մլրդ դրամ»,- նշեց Դավիթ Հարությունյանը: