«Առավոտ». Քաղաքական գործիչներն անխուսափելիորեն «իրար հագնելու են»:


«Առավոտ». Քաղաքական գործիչներն անխուսափելիորեն «իրար հագնելու են»:
Հունվար 19 10:56 2017

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «20-րդ դարի ամենաինքնատիպ մտածողներից մեկը՝ Գեորգի Գուրջիեւը, խորհուրդ է տալիս կիրառել «24 ժամվա սկզբունքը»: Այստեղ ոչ մի արտառոց կամ միստիկ բան չկա, ամեն ինչ շատ պարզ է: Եթե ձեզ վիրավորում են, հայհոյում են կամ նույնիսկ ապտակում են, մի՛ շտապեք պատասխանել: Ներքուստ որոշում ընդունեք, որ պատասխանելու եք 24 ժամից: Հետո գնացեք ու մտածեք. եթե ձեզ «նեղացնողը» ճիշտ էր, վերադարձեք եւ շնորհակալություն հայտնեք նրան: Եթե նա, ձեր կարծիքով, սխալ էր, ապա ի՞նչ իմաստ ունի վերադառնալ եւ հաշիվ պահանջել մի մարդուց, որի հետ ընդհանուր եզրեր չունեք:

Խոսքը, ընդգծեմ, վիրավորանքների, ոչ թե սովորական անհամաձայնության մասին է: Օրինակ՝ իմ եւ հայ ժողովրդի ճնշող մեծամասնության միջեւ անհամաձայնություն կա անցած տարվա ամռանը ոստիկանական գնդի վրա հարձակվելու հետ կապված` մեր գնահատականները տրամագծորեն տարբեր են: Արագաչափերի խնդրում նույնպես հայաստանցիների գերակշիռ մասն ինձ հետ համաձայն չէ: Բայց հարյուր հազարավոր մարդկանց հետ իմ հակասությունների մեջ ես որեւէ ողբերգություն չեմ տեսնում, չեմ փորձում որեւէ մեկին համոզել եւ, ինչպես երեւի նկատում եք, ամբիոն եմ տրամադրում այդ` իմ կարծիքին հակասող տեսակետների կողմնակիցներին:

Այդ` լայն ժողովրդական զանգվածների խոսնակներից շատ քչերն են փորձում ինձ վիրավորել կամ պիտակ կպցնել: (Ես էլ, բնականաբար, նման բան չեմ անում): Իսկ ինչ անել նրանց հետ, ովքեր, այնուամենայնիվ, «պորտս տեղն են դնում», «խզարում են», «շշում են» եւ այլն: Առաջին 5 րոպեն կամ առավելագույնը կես ժամը գայթակղություն կա հակադարձելու իրենց ոճով: Այնուհետեւ մոտ 2-3 ժամ անց ցանկություն է առաջանում պատասխանելու ի՛մ ոճով: Իսկ 24 ժամի՞ց: Բնականաբար, մեկ օր անց որեւէ ձգտում չկա այդ խնդրի շուրջ տվյալ անձնավորության հետ զրուցելու: Կարծում եմ՝ այդպիսին պետք է լինի նորմալ, ադեկվատ մարդու կեցվածքը:

Շուտով նախընտրական քարոզչությունն ակտիվ փուլ կմտնի: Քաղաքական գործիչներն անխուսափելիորեն «իրար հագնելու են»: Փոքրիկ առաջարկություն. կիրառեք Գուրջիեւի «24 ժամվա սկզբունքը»: Ենթադրենք, X-ը Y-ին կշտամբում է՝ «էս ի՜նչ վիճակի եք հասցրել էս երկիրը, այ սրիկա թալանչիներ»: Սովորական հակազդեցությունը հետեւյալն է. Y-ը կամ անձամբ, կամ իր մամուլի խոսնակների, կամ էլ իր ԶԼՄ-ների միջոցով պատասխանում է` «բա մի հատ հիշի՝ ձերո՛նք ինչեր են արել, այ հանցագործներ»: Դրան X-ը կամ նրա խոսնակները պատասխանում են՝ «չէ, մեր ժամանակ ամեն ինչ կայֆ էր»: «Ի՞նչն էր կայֆ», եւ այսպես շարունակ: Եթե պատասխանում ես մի անգամ, ապա ձգտելու ես, որ 20-րդ, 30-րդ «փոխհրաձգության» ժամանակ քո խոսքը վերջինը լինի: Մարդիկ ընկնում են ազարտի մեջ եւ սովորաբար, ի դեպ, մոռանում են, թե ինչի մասին են վիճում:

Մի խոսքով, փորձեք, հարգելի քաղաքական գործիչներ, վիրավորանքներին չպատասխանել: Գիտեմ, որ իմ առաջարկը չի ընդունվի: Գիտեմ, որովհետեւ լուսաբանում եմ արդեն 6-րդ խորհրդարանական ընտրությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում