ՊԵԿ նախագահը խոսել է ադրբեջանական խնձորները ՀՀ ներմուծելու դեպքի մասին


ՊԵԿ նախագահը խոսել է ադրբեջանական  խնձորները ՀՀ ներմուծելու դեպքի մասին
Մայիս 11 14:02 2017

Այսօր՝ մայիսի 11-ին, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է նաև ադրբեջանական  խնձորներն առանց մաքսազերծման ՀՀ ներմուծելու դեպքին՝ նշելով, որ  բացասական է գնահատում այն: 

«Համակարգը մաքրելու փուլում կան մարդիկ, որոնք չեն հասկանում, որ պետք է նման զանցանքերից զերծ մնան: Ես մեր մեղքի բաժինն ընդունում եմ և էլի եմ կրկնում՝ մեղավոր մարդիկ մեր աշխատակիցների շնորհիվ են բացահայտվել: Մեղավորները կպատժվեն», - ասել է Հարությունյանը:

Նա նաև նշել է, որ ինքը չի կարող հնչեցնել ձերբակալվածների անունները, քանի որ գործը քննչական կոմիտեի վարույթում է գտնվում. «Ես այսօր չեմ կարող հրապարակել անուններ, քանի որ մեղքը դեռ ապացուցված չէ»:

Հարությունյանի խոսքով՝ այս գործում մեղավոր է ոչ միայն այն մաքսայինը, ով կաշառվել է և թույլ տվել ներկրել այն, այլ նաև այն մարդը, որը կաշառել է և այն խանութները, որոնք թույլ են տվել վաճառել խնձորները՝ տեսնելով դրանց վրա ադրբեջաներեն գրառումները:

«Մեր աշխատողների, ներմուծողների և վաճառողների ցինիզմը շատ վատ եմ գնահատում», -ասել է նա և հավելել, որ կարվի հնարավոր ամեն բան նման դեպքերից պագայում խուսափելու համար: