Հայ գործարարը Լոս Անջելեսում թուրքական արտադրանքը բոյկոտելու արշավ է սկսել


Հայ գործարարը Լոս Անջելեսում թուրքական արտադրանքը բոյկոտելու արշավ է սկսել
Մայիս 11 05:39 2017

Ինչպես տեղեկացրել էր «Արևելքը» ՝ Լոս Անջելեսում վերջերս մի խումբ հայեր արշավ են սկսել՝ բոյկոտելով ամերիկյան խանութներում մեծ տարածում գտած թուրքական արտադրանքը: Նրանք իրենց այդ քայլը պատճառաբանում են ներկա քաղաքական կացությամբ՝ ոչ մի կերպ չհարստացնել հայերի քաղաքական հակառակորդին, փոխարենը քաջալերել հայ արտադրողին և գումարներն ուղղել ոչ թե Թուրքիա, այլ՝ Հայաստան:

Նախաձեռնության հեղինակներն իրենց կոչերը տարածել են սոցիալական ցանցերում, իսկ ինչպես «Արևելքին» տեղեկացրեց արշավի նախաձեռնողներից մեկը, արդեն տպագրվել է թուրքականը մերժող 1000 հատ թերթիկ-կոչ, որոնք փակցնելու են Լոս Անջելեսի բոլոր այն հայերի խանութների ցուցափեղկերին, որտեղ թուրքական ապրանք է վաճառվում:

Նախաձեռնության հեղինակը՝ Հայաստանից Վահան Կարախանյանը, ԱՄՆ-ում նույնպես խանութ ունի, և «Արևելքի» հետ զրույցում ասաց, որ թուրքական ապրանքի դեմ իր բոյկոտը սկիզբ է առնում դեռևս Հայաստանում բնակվելու տարիներից: «Մենք ամբողջ ընտանիքով երբեք թուրքական ապրանք չէինք գնում, եթե նույնիսկ դա հայտնի ապրանքանիշ էր, բայց բավական է՝ տեղյակ լինեինք, որ Թուրքիայում է արտադրված, մենք մերժում էինք: Մինչև հիմա էլ՝ Հայաստան իմ այցերի ժամանակ ես ստուգում եմ՝ իմ բարեկամներն արդյո՞ք թուրքական մաքրման միջոցներ կամ այլ կենցաղային իրեր չեն օգտագործում»,-նշում է Վահան Կարախանյանը, ավելացնելով, որ ոչ մի կերպ չի նպաստի թուրքական զենքի ձեռքբերմանը, քանի որ այդ զենքը մի օր մեր դեմ է ուղղվելու:

Վահան Կարախանյանը Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարությունն իրականացրած Ալբերտ Կարախանյանի որդին է: Նա ասում է, որ հայրը, իբրև շինարարական կազմակերպության ղեկավար, Մատենադարանի մասնաշենքի շինարարությունը իրականացնելուց առաջ պայման է դրել, որ ոչ մի գրամ թուրքական շինանյութ չօգտագործվի: «Բնականաբար այդպես էլ եղավ, որովհետև պատկերացնո՞ւմ եք նման բան՝ Մատենադարանում, դա արդեն մշտական պղծման պես մի բան կլիներ»,-ասում է արդեն կյանքից հեռացած հայտնի շինարարի որդին:

Վահան Կարախանյանը զարմանում է հայաստանցի այն գործարարների վրա, որոնք թուրքական ապրանք են ներմուծում, նշելով, որ միշտ էլ, ցանկության դեպքում կարելի է գտնել այլընտանքը և չներմուծել ու չգնել թուրքականը:

«Երբ Երևանում էի, Տիգրան Մեծ պողոտայի վրա խանութ տեսա՝ գրված էր «Թուրքական ապրանք. ներմուծված է անմիջապես արտադրողից»: Չեմ հասկանում դրա առավելությունը կամ այդ մասին հպարտությամբ հայտարարելը: Անձամբ ինքս միշտ մոտենում և զրուցում եմ նման խանութի տերերի հետ, փորձում եմ առանց ստիպելու, պարզապես զրուցելու և հասկացնելու միջոցով փոխել նրանց մտածողությունը»,-նշում է մեր զրուցակիցը:

Նա նույնը արել է նաև Լոս Անջելեսում. երբ կինը մի օր խնդրել է տոմատի մածուկ գնել, Վահան Կարախանյանը Լոս Անջելեսում հայ գործարարի պատկանող հայտնի մթերային խանութներից մեկն է մտել, ուր իրեն առաջարկել են թուրքական տոմատ: Վահան Կարախանյանը ընդվզել է և խանութի տիրոջից պարզապես խնդրել, որ իր խանութից վերացնի թուրքական ապրանքը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում