Սուրեն Կարայանը հանդիպել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալի հետ


Սուրեն Կարայանը հանդիպել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալի հետ
Հունվար 18 23:52 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 18-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևի հետ: Նախարար Սուրեն Կարայանը ողջունել է նախարարի տեղակալին և նշել, որ հանդիպումը լավ առիթ է` քննարկելու թե՛ երկկողմ առևտրատնտեսական կապերը, թե՛ ՀՀ վարչապետի` ՌԴ առաջիկա այցի օրակարգային կետերը:

Ալեքսեյ Գրուզդևը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար և ներկայացրել Երևանում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի խորհրդակցական կոմիտեի առևտրային քաղաքականության ենթակոմիտեի աշխատանքների ուղղությունները և արդյունքները:

Նախարար Սուրեն Կարայանն անդրադարձել է տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք հարցերի` համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծում, դրամական փոխանցումների գործընթացի բարելավում, գյուղատնտեսական տեխնիկայի ոլորտում սերտ համագործակցություն, արդյունաբերական կոոպերացիաների հիմնում, ներմուծման փոխարինում, արտահանման աճ: Կողմերն արձանագրել են, որ հնարավոր է էլ ավելի բարձր տեմպ հաղորդել ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներին: Սուրեն Կարայանը կարևորել է նաև Իրանի հետ սահմանագծին հարող տարածքում ազատ տնտեսական գոտու հիմնումը ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցության համատեքստում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, Սուրեն Կարայանը և Ալեքսեյ Գրուզդևը քննարկել են երկկողմ հետարքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս: