Վրացական բանակը կարող է զրկվել ավիացիայից


Վրացական բանակը կարող է զրկվել ավիացիայից
Հունվար 18 23:15 2017

Georgia Online-ի փոխանցմամբ՝ օդաչուներն ու տեխնիկները լքում են Վրաստանի ռազմաօդային ուժերի շարքերը։ Նրանց մի մասը հայտնվել է Վրաստանի պաշտպանության նախարարության կրճատման ենթակա աշխատակիցների ցուցակում։

Ավիացիոն բազան փակ է ԶԼՄ-ների համար, հայտնի չէ նաև վրացական բանակի տրամադրության տակ առկա ուղղաթիռների ու ինքնաթիռների ճակատագիրը։

Խոսքը Սու-25 տիպի մի շարք գրոհիչ ինքնաթիռների, «Իրոկեզ» և «Մի-24» ուղղաթիռների մասին է։ Ավելի վաղ Վրաստանի ՊՆ-ը հայտարարել էր ռազմաօդային ուժերում բարեփոխումներ անցկացնելու մասին։

Խորհրդարանում հետևում են ռազմական ավիացիային առնչվող գործընթացներին։ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը դեմ է, որ վրացական բանակը մնա առանց մարտական ավիացիայի։

Ներկա դրությամբ Վրաստանի զինված ուժերում կան «Սու-25» տիպի 10 գրոհիչ ինքնաթիռներ։ Եթե Վրաստանի ՊՆ-ը հրաժարվի դրանցից՝ կապված դրանք պահելու թանկ ծախսերի հետ, ապա Վրաստանը կզրկվի իր տրամադրության տակ գտնվող ամենահեռահար միջոցներից։