«Ձեռքս կոտրվել էր, զինծառայողիս գլխին էլ հարվածել էին տուֆով». ոստիկանության փոխգնդապետի ցուցմունքը Խորենացու դեպքերի մասին


«Ձեռքս կոտրվել էր, զինծառայողիս գլխին էլ հարվածել էին տուֆով». ոստիկանության փոխգնդապետի ցուցմունքը Խորենացու դեպքերի մասին
Հունվար 18 14:35 2017

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի և Արման Առաքելյանի գործով դատավարությունը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Դատական նիստին ներկայացել էին 11 վկաներից 2-ը, մյուսները դատարանին պատշաճ ծանուցել էին իրենց բացակայության պատճառների մասին:

Դատական նիստին հարցաքննվեց ոստիկանության ներքին զորքերի փոխգնդապետ Գագիկ Մկրտչյանը, ով պատմեց 2016 թվականի հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների մասին. «Ինչպես միշտ ծառայություն էի իրականացնում, նշված տարածքը տրված էր պաշտպանության, որ ամբոխը չպիտի անցներ: Այդ ընթացքում ոստիկանությունը բազմիցս հայտարարեց, որ ապօրինի հավաք է, սակայն ժողովուրդը չցրվեց և սկսվեց խառնաշփոթը, երկաթյա իրերով հարվածներ հասցրին, բայց չհաջողվեց, որ անցնեն հատուկ պաշտպանվող տարածքը»:

Գագիկ Մկրտչյանն ասաց, որ իր ստորաբաժանման անդամները տուժել են. «Անգամ վերևից տուֆ քարով հարվածեցին իմ զինծառայողի գլխին, լավ է՝ սաղավարտը գլխին էր, որի արդյունքում միայն ուշաթափվեց»:

Նա տեղեկացրեց, որ ստորաբաժանումը գտնվել Խորենացի փողոցի ձախ հատվածում, և ինքը հնարավորություն է ունեցել տեսնել, թե ինչ է կատարվել Խորենացու հատվածում: Ոստիկանի խոսքով՝ զանգվածային անկարգություններ հրահրել է ժողովուրդը, որը չի լսել ոստիկանության հորդորը:

Դատախազի հարցին, թե ինքն անձամբ վնասվածքներ ստացե՞լ է, Գագիկ Մկրտչյանն ասաց. «Ձեռքիս առարկա է դիպել, ինչի հետևանքով ձեռքի կոտրվածք եմ ստացել»:

Հարցին, թե ամբաստանյալներին տեսե՞լ է հուլիսի 20-ին, փոխգնդապետն ասաց, որ 2000 հոգու մեջ երկուսի դեմքը հիշելը հնարավոր չէ, սակայն նշեց, որ հիշում է երեք կանանց դեմքեր, ովքեր փորձել են հանդարտեցնել իրավիճակը:

Արարատ Խանդոյանի հարցին, թե ով էր հրաման տվել, որ ցուցարարների ուղղությամբ նռնակներ նետեն, Գագիկ Մկրտչյանն ասաց. «Նռնակը Ձեր իմացած նռնակը չէ, լուսաձայնային նռնակ է»:

Արման Առաքելյանի հարցին, թե ժողովրդի ու ոստիկաների միջև բախումն ինչի՞ արդյունքում տեղի ունեցավ, Գագիկ Մկրտչյանը պատասխանեց. «Ամբոխի, երևի թե անկառավարելիության, որովհետև հիմնականում ցուցարարները գտնվում էին ալկոհոլի ազդեցության տակ»:

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանն ու Արման Առաքելյանը բերման էին ենթարկվել հուլիսի 20-ին Խորենացի փողոցից: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով:



loading...