Սլովենացին լողալով անցել է 5 ամենաերկար գետերը՝ մեկ նպատակ հետապնդելով (լուսանկարներ)


Սլովենացին լողալով անցել է 5 ամենաերկար գետերը՝ մեկ նպատակ հետապնդելով (լուսանկարներ)
Հունվար 18 14:33 2017

AdMe.ru-ն գրում է, որ Ստրելը «գրավել» է աշխարհի ամենաերկար գետերը. Դանուբը (լողալով 504 կմ 84 ժամում` առանց դադարի), Միսիսիպին, Պարանան, Յանցզին և Ամազոնը: Նա նաև հատել է Ջիբրալթարի նեղուցը: Նրա լողանցներից հինգը գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում:

Ստրելը սովորական մարզիկի տեսք չունի. նա սիրում է ուտել և օրը մեկ շիշ գինի է խմում, սակայն գոհ է իր մարմնից:

«Երբ լողում եմ, մեկ ժամում կորցնում եմ 600-700 կալորիա: Իմ օրգանիզմն աշխատում է Mercedes-ի ու BMW-ի պես», - ասել է նա:

Ստրելը պատմել է, որ ջուրը նրա ընկերն է մանկությունից: Նա պատմել է, որ երբ հայրը հարբում էր, նրա հետևից էր ընկնում շղթայով կամ փայտով, և ինքը ստիպված էր լինում թաքնվել գետի մեջ: Այսպիսով՝ 6 տարեկանում նա սովորել է լողալ:

«Երբ փոքր էի, ջուրը մաքուր էր, այնտեղ խեցգետիններ ու ձկներ կային: Բայց հետո սկսեցին նոր ճանապարհներ կառուցել, և այժմ այնտեղ նույնիսկ ջրիմուռներ չեն աճում: Որոշել եմ լողալ, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրեմ ջրի խնդրի վրա», -ասել է լողորդը:

Ստրելը խնամքով պատրաստվում է յուրաքանչյուր լողանցի. նա իմանում է, թե որ երկրներով է անցնելու, տեղեկություններ է հավաքում կլիմայի, ջերմաստիճանի, ջրի որակի և այնտեղ բնակվող կենդանիների մասին: Նրա կարծիքով՝ կարևորը ճիշտ տրամադրվածությունն ու պարզ գլուխն են:

Նշվում է, որ Մարտինը Երկրի առաջին մարդն է, որը լողալով անցել է Ամազոնը` 5,268 կմ երկարությամբ գետը: Նա 66 օր շարունակ լողալով օրական անցել է 80 կմ:

Այժմ լողորդը 62 տարեկան է:

«Ես լողում եմ հանուն խաղաղության, ընկերության և մասնավորապես` մաքուր ջրի: Ես սովորական մարդ եմ, բայց կարող եմ փոխել այս աշխարհը», - ասել է նա: