ՍԱՊԾ-ն ադրբեջանական ծագման խնձորներում որակի շեղումներ չի գտել. կասեցվել է մոտ 500 կգ խնձորի վաճառքը


ՍԱՊԾ-ն ադրբեջանական ծագման խնձորներում որակի շեղումներ չի գտել. կասեցվել է մոտ 500 կգ խնձորի վաճառքը
Մայիս 3 13:45 2017

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, նախորդ շաբաթվա ընթացքում կատարված շրջայցերի շրջանակներում, ինչպես նաեւ պետական այլ կառույցների հետ համագործակցության եւ սպառողների ակտիվ արձագանքների արդյունքում, մայրաքաղաքի եւ մի քանի մարզերի իրացման կետերում կասեցրել է հայտնաբերված ադրբեջանական ծագման ավելի քան 500 կգ խնձորի վաճառքը:

ՍԱՊԾ-ից հայտնում են, որ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի համաձայն՝ հայտնաբերված խմբաքանակը համարվել է վտանգավոր, քանի որ չի ունեցել անվտանգությունը հավաստող որեւէ փաստաթուղթ:

Հաշվի առնելով այս հանգամանքը, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 19-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետով սահմանված կարգով, վտանգավոր ճանաչված խմբաքանակի իրացումն արգելվել է եւ հանձնարարվել ոչնչացնել (խոտանել) այն:

Ծառայությունը նաեւ նմուշառում էր կատարել եւ փորձաքննության ուղարկել ադրբեջանական ծագման խնձորների նմուշները: Արդյունքում՝ նախատեսված ցուցանիշների (դելտամետրին, դիմետոադ, մետալաքսիլ, ցիպերմետրին, ցիֆլուտին, ԴԴՏ եւ տրա մետաբոլիտներ, ՀՔՑՀ (ալֆա, բետտա, գամմա իզոմերներ), քլորպիրիֆոս) շեղումներ չեն արձանագրվել: