Ծառուկյանի վերադարձի իրական պահանջը


Ծառուկյանի վերադարձի իրական պահանջը
Հունվար 18 13:20 2017

Երեկ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե նկատի ունենալով իր վերադարձի հանրային պահանջը, «բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք: Նախ Ծառուկյանի վերադարձի հանրային պահանջի մասին: Երբ 2015 թվականին Գագիկ Ծառուկյանին հեռացրեցին քաղաքականությունից, նույն այդ հանրությունը լռում էր: Հանրային պահանջ ասվածն էլ իրականում Ծառուկյանի բազմաթիվ օբյեկտներում աշխատողներն են, որոնք մեկ մարդու նման հավաքվում են միայն այն ժամանակ, երբ կարիք կա ձեւավորելու հարային «պահանջ»: Այնուամենայնիվ, Ծառուկյանի քաղաքական էջը բացված է: Այստեղ սակայն հարց է առաջանում՝ ինչ դիրքերից է հանդես գալու քաղաքականությունից երկու տարի կտրված, ժամանակին իշխանափոխության օր ու ժամ նշանակած ԲՀԿ առաջնորդը: Արդյոք Գագիկ Ծառուկյանը դարձյալ հանդես կգա՞ ընդդիմադիր շարքերից, թե՞ ԲՀԿ-ն կվերադառնա ի շրջանս յուր, այն է՝ այլընտրանքի կարգավիճակ:

ԲՀԿ-ն ժամանակին եղել է իշխանության կազմում, հետո գործել այլընտրանքի կարգավիճակում: Տեւական ժամանակ Ծառուկյանի ԲՀԿ-ին հաջողվել է հենց այդպես մանեւրել, հետո երբ մի պահ հայտարարեցին, թե գործում են ընդդիմադիր շարքերից, տեղի ունեցավ այն, ինչ բոլորին է հայտնի: Հիմա Ծառուկյանի վերադարձով փոխվելու է նաեւ ԲՀԿ-ի օրակարգը: Գագիկ Ծառուկյանը ոչ թե սեփական նախաձեռնությամբ է բացել փակված էջը, այլ դա եղել է իշխանությունների ցանկությունը: Դատելով այս ամենից՝ կարելի է ասել, որ Գագիկ Ծառուկյանն առավել ազնիվ կլիներ, եթե իր հայտարարության հանրային պահանջ բառակապակցությունը ձեւակերպեր իշխանությունների պահանջով: Հակառակ դեպքում տեղի է ունենում հասարակություն- իշխանություն շահերի բախում: Հասարակությունը պահանջում է իշխանությունների հեռացում: Կգնա արդյո՞ք Ծառուկյանն այդ պահանջի ետեւից՝ դժվար չէ կանխատեսել: Ծառուկյանի եւ նրա մերձավորների հուշերում դեռ թարմ են ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձությունները:

Փայլակ Ֆահրադյան